18/07/2022 18:10
Հրդեհների 90 և ավելի տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունում ստացված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրդեհների դեպքերի աննախադեպ աճ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների դեպքերը 34 տոկոսով աճել են: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 277 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՝ 169 դեպք:
«Ասեմ, որ այս աճը նկատվել է միայն վերջին շաբաթվա ընթացքում՝ շոգ եղանակով, բարձր ջերմային ֆոնով պայմանավորված: Եթե դիտարկում ենք հուլիսի ցուցանիշն ընթացիկ տարվա հունիսի ու նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապա կտեսնենք, որ հրդեհների թվի նվազում է նկատվում»,-ասել է Արսեն Մկրտչյանը:
Վերջին մեկ շաբաթում գրանցված հրդեհների դեպքերի մեծ մասն արձանագրվել է Երևանում, Կոտայքում, Լոռիում, Տավուշում: Նշած ժամանակահատվածում տուժածներ, զոհեր չկան: Հրդեհների մեծ մասը գրանցվել է խոտածածկ, բուսածածկ տարածքներում: Այս տարի անտառային հրդեհի մեկ դեպք է գրանցվել Վայքում, այրվել է 2,5 հա անտառածածկ տարածք: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրդեհների 90 և ավելի տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ:
«Մեր հորդորն է քաղաքացիներին՝ եղեք ուշադիր, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները: Մի նետեք չհանգցրած ծխախոտի մնացորդը չորացած խոտածածկ տարածքում: Բնության գրկում քեֆ-ուրախությունից հետո համոզվեք, որ խարույկները մարված են, նոր լքեք տարածքը: Բնության գրկում մի թողեք ապակե տարաներ: Խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները հիմնականում թողնում են ապակե տարաներ, իսկ դրանք բարձր ջերմային ֆոնի պայմաններում հրդեհի առաջացման մեծ ռիսկ են պարունակում»,-ասել է Արսեն Մկրտչյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը տեղեկացրել է, որ մարզային կառույցների ստորաբաժանումներին իջեցվել է հանձնարական տեղերում ուժեղացված ծառայություն կազմակերպելու համար՝ հատկապես անտառամերձ բնակավայրերում:
«Հրշեջ փրկարարական ջոկատները հիմնական տեղակայման վայրից մեկ մարտական հաշվարկով դեպի անտառամերձ բնակավայրեր արդեն իրականացնում են հերթապահություն, մասնավորապես, Սյունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Արարատում: Ուժերը կենտրոնացված են և պատրաստ՝ առաջին իսկ հրդեհի դեպքում արագ կազմակերպել աշխատանքները»,-ասել է Բագրատ Վարդազարյանը: