18/07/2022 15:19
«Կյանքի պուրակի» նպատակը կյանքի գնահատումն է, արցախյան բոլոր պատերազմների նահատակների ներկայության խորհրդանշումը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են Երևանի բուսաբանական այգու տարածքում՝ արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները:
Վարչապետին են ներկայացվել «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը, ճարտարապետական լուծումներն ու ֆունկցիոնալ գոտիավորման սխեման: Նշվել է, որ նախագծային տարածքը մոտ 35 հա է, նախատեսվում է ունենալ զբոսանքի և հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային ուղիներ, աստիճանավոր կասկադ, իսկ գագաթնակետը լինելու է հայրենիքի համար նահատակված հերոսների կյանքը խորհրդանշող հատվածը: Կառուցվելու է ոռոգման ամբողջովին նոր համակարգ, որը սպասարկելու է ողջ Բուսաբանական այգու կարիքները:
Խորհրդակցությանը քննարկվել են նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքային լուծումներին, շարժման երթուղիների կազմակերպմանը և հասանելիությանը, միջավայրի կահավորմանը, ծառապատման խտությանն ու կենսաբազմազանությանը և այլ թեմաների: Ներկայացվել են մի շարք առաջարկներ ու դիտարկումներ: Քննարկման առարկա է եղել նաև Բուսաբանական այգու բարեկարգման խնդիրը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարն առաջարկել է սկսել «Կյանքի պուրակի» կառուցապատման աշխատանքները և զուգահեռ մշակել Բուսաբանական այգու զարգացման ծրագիրը՝ որպես միմյանց փոխլրացնող ու շարունակող նախագծեր:
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Կյանքի պուրակի» նպատակը կյանքի գնահատումն է, արցախյան բոլոր պատերազմների նահատակների ներկայության խորհրդանշումը, և ճարտարապետական լուծումներն ամբողջությամբ պետք է բխեն հենց այս տրամաբանությունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բուն պուրակի տարածքում առևտրային որևէ գործունեություն պետք է բացառվի:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարարել է սկսել աշխատանքները՝ ի գիտություն ընդունելով քննարկված առաջարկներն ու գաղափարները: