18/07/2022 16:49
Արցախի պետնախարարը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետը մտքեր են փոխանակել Արցախի առկա կարիքների շուրջ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին:
Ողջունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Պետրոս Թերզյանի ներդրումը Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ Արտակ Բեգլարյանը, մասնավորապես, նշել է.
«Սփյուռքի հետևողական մասնակցությունը թե՛ բարեգործական և թե՛ տնտեսական ծրագրերում համազգային միասնության ու Արցախը հայկական պահելու առհավատչյան է: Ուստի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքի համար: Համոզմունքս է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա Արցախի վերականգնման ու զարգացման գործում»:
Պետրոս Թերզյանը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին ջերմ ընդունելության համար, հայտնել իր պատրաստակամությունը աշխատել տարիներ ի վեր ձևավորած համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել գործունեության ոլորտները:
Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի առկա կարիքներին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող որոշ հարցերի շուրջ: