19/07/2022 20:26
Ալցհեյմերի հիվանդություն․ Առաջացման պատճառներն ու ախտանիշները
Ալցհեյմերի հիվանդությունը հիմնականում հանդիպում է տարեցների մոտ, այն տկարամտության հիմնական պատճառներից մեկն է:
Հիվանդության առաջացման հստակ պատճառներն անհայտ են, բայց սովորաբար Ալցհեյմերի հիվանդությունը կապված է մեծ քանակությամբ նյարդային բջիջների ոչնչացման, նյարդային ազդակների փոխանցման համար անհրաժեշտ նյութերի բացակայության, ժառանգականության (գենետիկ նախատրամադրվածության), թունավոր նյութերով թունավորման, գլխի վնասվածքի, ուղեղի ուռուցքի հետ:
Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները․
Վաղ փուլ՝
մոռացկոտություն, վերջին իրադարձությունները հիշելու անկարողություն, որն աստիճանաբար զարգանում է,
ծանոթ առարկաները ճանաչելու անկարողություն,
հուզական խանգարումներ, դեպրեսիա, անհանգստություն,
ապակողմնորոշում,
ապատիա (անտարբերություն) շրջապատող առարկաների, մարդկանց և իրադարձությունների նկատմամբ:
Ուշ փուլ՝
հալյուցինացիաներ, զառանցանքներ,
ծանոթ մարդկանց, նույնիսկ մերձավոր հարազատներին ճանաչելու անկարողությունը,
շարժման հետ կապված խնդիրներ, որոնք աստիճանաբար վերածվում են խառնաշփոթ քայլվածքի,
ինքնուրույն մտածելու և շարժվելու ունակության կորուստ,
որոշ դեպքերում՝ ցնցումներ։
Բարդությունները՝
ուղեկցող վարակները, ներառյալ թոքաբորբ,
թերսնուցում,
տարբեր վնասվածքներ և դժբախտ պատահարներ,
քնի խանգարումներ։
Շատ կարևոր է հիվանդության վաղ ախտորոշումը։ Պետք է հետևել, որ ընտանիքի տարեցները կանոնավոր բժշկական զննում անցնեն:
Բժիշկը հիվանդին զննելուց հետո, կնշանակի համապատասխան բուժում կամ կուղղորդի դիմել նյարդաբանի, հոգեբույժի, գերոնտոլոգի և այլ մասնագետների՝ հետագա հետազոտության և բուժման համար:
Ալցհեյմերի հիվանդության առաջընթացը կասեցնելու և բուժելու համար բժշկական խորհրդատվությունն ու միջամտությունը պարտադիր է․ արգելվում է զբաղվել ինքնաբուժությամբ, առաջին նշաններն ի հայտ գալուն պես՝ պետք է դիմել համապատասխան մասնագետի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։