19/07/2022 18:21
Բուլիմիա. Ինչպե՞ս է այն սահմանափակում մարդու կյանքը և ի՞նչ է ներառված դրա բուժման ժամանակակից մեթոդների մեջ. Պատմում է հոգեբան Մերի Հարությունյանը
Նյարդային բուլիմիան կամ պարզապես բուլիմիան հոգեկան հիվանդություն է, որը դասակարգվում է որպես ուտելու խանգարում և բնութագրվում է մարմնի քաշի նկատմամբ չափազանց զբաղվածությամբ, չափից շատ ուտելով և օրգանիզմը սննդից մաքրելու կանոնավոր փորձերով:
Aysor.am-ի հետ զրույցում հոգեբան Մերի Հարությունյանը անդրադառնալով հոգեկան խանգարման այս տեսակին.
«Մեկ կամ երկու ախտանիշ չի կարող վկայել հիվանդության մասին, բուլիմիայի դեպքում պետք է դիտարկվեն մի շարք ախտանշաններ: Ախտորոշումը կարող է անել միայն հոգեբույժը՝ հիվանդին զննելուց, նրա ու հարազատների հետ մանրամասն զրույցից հետո։ Նյարդային բուլիմիան ուղեկցվում է ինքնաքննադատությամբ, անօգնականության և միայնության զգացումով, վատ տրամադրությամբ և դեպրեսիայով»։
Նյարդային բուլիմիան զարգանում է կենսաբանական, սոցիալական և հոգեբանական գործոնների համակցությամբ:
Ժառանգականություն. Ուտելու խանգարումներ ունեցող հարազատների առկայությունը մեծացնում է մարդու մոտ բուլիմիայի վտանգը։
Սոցիալ-մշակութային գործոններ. Ռիսկը մեծանում է այն երկրներում և ընտանիքներում, որտեղ առանձնահատուկ կարևորություն է տրվում արտաքին տեսքին, իդեալներին և գեղեցկության չափանիշներին:
Հոգեբանական գործոններ. Պերֆեկցիոնիզմ, ցածր ինքնագնահատական, իմպուլսիվություն, հուզական զգայունության բարձրացում։
Հոգեբանը նշեց, որ հիվանդության պատճառով մարդը շատ հաճախ փչացնում է հարաբերությունները հարազատների, ընկերների, ծանոթների հետ։ Դեպրեսիվ տրամադրությունը նվազեցնում է շփվելու և մարդկանց հետ հանդիպելու ցանկությունը: Վատացնում է ֆիզիկական առողջությունը. որքան երկար է մարդը տառապում բուլիմիայից, այնքան ավելի շատ է այն վնասում առողջությանը։
Վնասը կախված է նրանից, թե որքան ժամանակ է մարդը բուլիմիկ եղել և մաքրման ինչ մեթոդներ է օգտագործել։
Բուլիմիա ունեցող մարդկանց ֆիզիկական առողջության ամենատարածված խնդիրներն են՝
մարսողական խանգարումներ՝ փորկապություն, գաստրիտ, խոցեր, հաստ աղիքի պրոլապս,
ատամի էմալի ոչնչացում և ատամների վատթարացում, բերանի անկյուններում բերանի խոռոչի լորձաթաղանթի և մաշկի բորբոքում,
սրտի և երիկամների անբավարարություն, որոնք զարգանում են նյութափոխանակության խանգարումների պատճառով, բնորոշ խնդիրներն են՝ այտուցը, թուլությունը, սրտի ռիթմի խանգարումները, շնչառության դժվարությունը,
եղունգները փշրվում և շերտավորվում են, մազերը դառնում են ավելի բարակ և թափվում,
ճանաչողական ունակությունների, հիշողության, կենտրոնացման նվազում:
Բուլիմիայով հիվանդներն իրենք կարող են տեղյակ չլինել հիվանդության հետևանքների և դրանց ծանրության մասին, ինչը նույնպես հիվանդության դրսևորում է։
«Բուլիմիայի բուժումը պահանջում է միջդիսցիպլինար մոտեցում՝ ներգրավելով բժշկության տարբեր ոլորտների մի քանի մասնագետների։ Մասնագետների թիմում ընդգրկվում են՝ ընդհանուր բժիշկ, հոգեբույժ, հոգեթերապևտ։ Ըստ ցուցումների՝ կարող են ընդգրկվել սրտաբան, նյարդաբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ։
Բուժումը բաղկացած է երեք բաղադրիչներից՝ ֆիզիկական առողջության վերականգնում, բուլիմիայի դեղորայքային բուժում և հոգեթերապիա», - ասաց Մերի Հարությունյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։