19/07/2022 17:55
«Ինչ հարցի համար ասես՝ կապեր այս կամ այն տեսքով կան, բայց մեր գերի տղերքի հետ կապված՝ հնարավորություններ չկան»․ ՀՀ ԱԺ-ն հրաժարվել է Հայկ Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նախօրեին տեղեկացրել էր, որ պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, նրանց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։
Hraparak.am-ը Հայկ Մամիջանյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ ակնկալիքով է դիմելու Միլլի Մեջլիս, քանի որ Միլի Մեջլիսի խոսնակը այդպիսի լիազորություն չունի՝ Հայաստանից պատգամավորների թույլատրի տեսակցել մեր գերիներին, դա ավելի շատ նախագահի լիազորության հարց է։ Մամիջանյանը ասել է, որ եթե գոնե 1 տոկոսի հավանականություն կա, որ ինքը հնարավորություն կունենա մեր գերիներին տեսակցելու և նրանց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու, ապա գոնե այդ մի տոկոսի համար արժեր փորձել։
«Ինչ վերաբերում է նրան՝ լիազորություններ ունի, թե չունի, մենք, ամեն դեպքում, խոսում ենք Ադրբեջանի օրենսդիր մարմնի ղեկավարի մասին, և եթե իրենք ունենան այդ պատրաստակամությունը, կարծում եմ, դա կազմակերպել հնարավոր է»,-ասել է Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ արդեն դիմե՞լ է և ի՞նչ խողովակով է դիմել, պատգամավորը պատասխանել է․ «Ես հանձնարարել էի, որ դիմեն ԱԺ արտաքին կապերի վարչություն, որն էլ շԱԳՆ-ի կամ ԱԺ-ի պաշտոնական խողովակներով այդ նամակը հասցներ Միլլի Մեջլիս։ Որոշ ժամանակահատված տանել-բերելուց հետո ինձ պատասխանեցին, որ չեն կարող կազմակերպել, քանի որ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան։ Բնականաբար, ես դա գիտեի, բայց, փաստորեն, ինչ հարցի համար ասես՝ դիվանագիտական կապեր այս կամ այն տեսքով կան, բայց մեր գերի տղերքի հետ կապված, եթե 1 տոկոս շանս կա տեսակցելու, դրա համար հնարավորություններ չկան»։
Արդյունքում, ինչպես տեղեկացրել է Հայկ Մամիջանյանը, ուղիղ՝ էլեկտրոնային փոստի միջոցով են նամակն ուղարկել Միլլի Մեջլիսի խոսնակին։