19/07/2022 09:25
«Ժողովուրդ». Սևանա լճի մակարդակը ոչ միայն իջել է, այլև լիճը կանաչել է և տհաճ հոտ է գալիս
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սևանա լճի մակարդակը ոչ միայն իջել է, այլև լիճը կանաչել է: Կապուտակ Սևանի կանաչելու վերաբերյալ ահազանգերով «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է Սևանա լճի տարբեր ափամերձ հատվածներում։
Տեղի շատ բնակիչների պատմելով՝ ոչ միայն լիճը կանաչել է, այլև տհաճ հոտ է գալիս: Սա ունի բացատրություն. կապտականաչ ջրիմուռներն ակտիվացել են լճում: Մասնագետների խոսքով՝ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին՝ ամռանը, լճի ափամերձ տարածքներում տարածվել էր կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը: Այն, ի դեպ, համարվում է տոքսիկ: Բացի այս, պարզվում է՝ լճի մակարդակն է իջել. ըստ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.69 մետր։
Այստեղ տեղին է հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները. 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի, բայց, արի ու տես, այդ ցուցանիշը չի գրանցվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում