20/07/2022 21:18
Ինչպե՞ս առավելագույն օգուտ ստանալ վարունգից
Բժիշկ-սննդաբանները հիշեցնում են, որ վարունգը շատ օգտակար բանջարեղեն է, և դրա մեջ պարունակվող ամենաարժեքավոր նյութը կալիումն է։ Կալիումի մեծ քանակությունն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։
Մասնագետների խոսքով՝ վարունգի հյութից պատրաստված ըմպելիքը նպաստում է հիպերտոնիայով տառապող մարդկանց զարկերակային ճնշման կարգավորմանը։
Իսկ զովացնող լիմոնադ կարելի է պատրաստել, եթե իրար խառնեք հավասար քանակությամբ վարունգի հյութ և հանքային ջուր, ավելացնեք անանուխ և նարինջ։ Այս ըմպելիքը շոգ եղանակին կօգնի իջեցնել բարձր ճնշումը։
Սակայն չպետք է մոռանալ, որ խանութներում վաճառվող բանջարեղենը հաճախ ոչ միայն օգտակար, այլ նաև առողջության համար վնասակար նյութեր է պարունակում։ Այդ պատճառով էլ խանութից գնված վարունգը պետք է անպայման կեղևազրկել, քանի որ կեղևի մեջ են կուտակվում նիտրատները և քիմիական նյութերը։
Սննդաբանները միաժամանակ նշում են, որ չպետք է չարաշահել թթու վարունգը՝ մանավանդ երեկոյան ժամերին։ Դա կարող է հանգեցնել օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակմանը, այտուցներին և բարձր ճնշմանը։
Օրգանիզմի համար ամենաաօգտակար վարունգը թարմ, բանջարանոցում առանց քիմիական նյութերի աճեցված վարունգն է։