20/07/2022 18:20
Ընդդիմության բոլոր ուժերը, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, պետք է կոնսոլիդացվեն․ Արտակ Զաքարյան
Ընդդիմության բոլոր ուժերի կոնսոլիդացիան միակ ճանապարհն է՝ իշխանություններին պարտադրելու այն օրակարգը, որն ազգային է, որը Դիմադրության շարժումը բարձրացրել է, որը կարևոր է, «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ ազգային օրակարգը գործող իշխանությունների կողմից չընդունելը, Արցախի կենսական խնդիրների մասին չբարձրաձայնելը, անվտանգության հետ կապված խնդիրները չլուծելը, դիրքորոշում չարտահայտելը, հայանպաստ հայտարարություններ չհնչեցնելը ավելի հիմնավոր են դարձնում կասկածները, որ գործող իշխանությունը դավադիր գործունեություն է ծավալել։
«Այսօր մենք այդ իրավիճակում ենք, և եթե դավաճան իշխանությունների հետ համագործակցող ուժեր կան, ուրեմն նրանք ընդդիմություն չեն, իսկ եթե ընդդիմություն են, ուրեմն հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության պետք է կոնսոլիդացվեն։
Միայն նստել, սպասել, ասել՝ դե, սրանք դավաճան են, թող ժողովուրդն ինքը որոշի՝ իրեն դավաճան պե՞տք է, թե՞ պետք չէ, բավարար չէ։ Դրա համար անհրաժեշտ է նաև կոնսոլիդացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը և է՛լ ավելի մեծ ազդեցություն գործել իշխանությունների վրա․ կամ իրենք փոխում են իրենց քաղաքականությունը, կամ պետք է հեռանան։
Քանի որ չեն փոխում ու չեն կարողանում փոխել, ուրեմն պետք է հեռանան, որովհետև նրանց իշխանության մնալը գործում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դեմ։ Եվ կապ չունի՝ այդ քաղաքացին խելոք է, թե՞ խելոք չէ, հասկանո՞մ է քաղաքական զարգացումներից, թե՞ չի հասկանում, գյուղու՞մ է ապրում, թե՞ քաղաքում, Նիկոլին սիրու՞մ է, թե՞ չի սիրում։
Նիկոլը բոլորին տանում է դեպի համազգային, եղբայրական, քաղաքական, սոցիալական, մշակութային գերեզման, և սա փաստ է»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը։