20/07/2022 19:01
Արցախի խորհրդարանական հանձնաժողովում կրկին քննարկել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների հարցը
Հուլիսի 20-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, խորհրդարանի պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստը վարում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Օրակարգում երկու նախագծերի քննարկում էր, օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
Հիմնավորելով «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ նախարարության պատասխանատուները շեշտել են, որ այն բխում է Արցախի Հանրապետության կրթության ոլորտում նախնական զինվորական պատրաստության նոր հայեցակարգի և ծրագրի ընդունումից, դրա հետ կապված զինղեկների և մասնագետների վերապատրաստող կրթական չափորոշիչներ, հայեցակարգեր, առարկայական ծրագրեր, արդիական մասնագիտական և մեթոդական գրականություն, ուսումնական միջոցներ, տեխնոլոգիաներ մշակող «Գիտաուսումնական կենտրոն» ստեղծելու անհրաժեշտությունից։
Նախագիծը երրորդ անգամ է քննարկվում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Խորհրդարանականները լրամշակման անհրաժեշտություն են տեսնում: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ հարցը կարելի է կարգավորել կառավարության որոշումներով: Նա մատնանշել է, որ կոնկրետ ռազմավարության բացակայությունն է խնդիր ստեղծում :
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան ԲՈՒՀ-երում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանբ: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև որակյալ կադրերի պատրաստումը և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը:
Քննարկվել են նաև օտարերկրյա ԲՈՒՀ-երում ուսանելու ռազմավարության, գիտամեթոդական կառույցների անհրաժեշտության, դպրոցների նյութատեխնիկական բազան համալրելու հետ կապված հարցեր:
Որոշվել են խնդրո շուրջ քննարկումները առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործադիրի խորհրդակցություններին պատգամավորական կազմի մասնակցությունը ապահովել: