20/07/2022 20:15
«Աշխարհին անկայունություն ու սով է սպառնում»․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլին հայտարարել է՝ աշխարհում մեծանում է գոբալ անկայունության, սովի ու աննախադեպ ծավալի միգրացիայի վտանգը։
«Պարենի, վառելիքի և պարարտանյութերի կտրուկ գնաճը, որն առաջացել է Ուկրաինայում ճգնաժամի պատճառով, սպառնում է սովի մատնել ընտանիքների՝ ամբողջ աշխարհում։ Այս ամենի հետևանքով գլոբալ անկայունություն, սով և աննախադեպ ծավալի զանգվածային միգրացիա է լինելու։ Մենք այսօր պետք է քայլեր ձեռնարկենք, որ կանխենք վրահաս աղետը»,- Բիզլիի խոսքերն է մեջբերել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կայքը։
ՄԱԿ ներկայացուցչի խոսքով՝ «45 երկրի 50 միլիոն բնակիչ սովից ընդամենը մեկ քայլ հեռու է կանգնած», իսկ առաջիկա ամիսներին այդ թիվը կաճի։
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ը «Պարենային անվտանգության և սննդի վիճակը» խորագրով զեկույց է հրապարակել, որում նշված է, որ քաղցից տառապող մարդկանց թիվն աշխարհում 2021 թվականին հասել է 828 միլիոնի, ինչը 46 միլիոնով ավելի է, քան 2020 թվականին և 150 միլիոնով ավելի, քան համավարակից առաջ էր։