20/07/2022 20:52
Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվել է նրա կտավը
Նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ականավոր ներկայացուցիչներից Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը՝ հուլիսի 20-ին, Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվել է հեղինակի «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը նշել է, որ իրենց հավաքածուում հայ հեղինակների ընդամենը 14 աշխատանք է պահվում, որոնցից մեկը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունն է:
Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանը ասել է, որ «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը Ավետիսյանի վաղ շրջանի ամենակարևոր աշխատանքներից է: Այն «Ջաջուռ» կտավի լրացումն է և ոչ պակաս գեղագիտական նշանակություն ունի:
«Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և կարծում եմ, որ մեծ արվեստագետներին հիշելը շատ կարևոր է: Նոր սերունդ է գալիս: Պետք է խոսել մեծերի մասին, վերանայել նրանց կատարած աշխատանքը»,-նշել է Նարեկ Ավետիսյանը։
«Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» ստեղծագործությունը 2014 թվականի փետրվարի 21-ին ներկայացվել է նաև Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանում՝ նկարչի 85-ամյա հոբելյանին նվիրված «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագրով ինքնատիպ ցուցահանդեսին: