20/07/2022 16:02
Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները մեկշաբաթյա այց են կատարել Ռուսաստան
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները հուլիսի 13-19-ն աշխատանքային այցով գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում և հանդիպումներ ունեցել ՌԴ Ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի (НИФИ) ներկայացուցիչների և ՌԴ ֆինանսների նախարարության գործընկերների հետ:
Այցի ընթացքում անցկացվել են հարկային եկամուտների՝ ըստ հարկատեսակների կանխատեսման գործիքակազմի կատարելագործման աշխատանքների ընթացիկ արդյունքների և մակրոտնտեսական կանխատեսումների համակարգում DSGE մոդելների կիրառման միջազգային փորձի վերաբերյալ սեմինարներ: Ռուս գործընկերները ներկայացրել են կատարված համատեղ աշխատանքների գծով առաջընթացը և առկա արդյունքները, իսկ ՀՀ ՖՆ ներկայացուցիչները՝ հարկային եկամուտների կանխատեսման գործիքների և DSGE մոդելների կիրառման փորձը ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության մշակման գործընթացում:
Փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ են անցկացվել ՌԴ ֆինանսների նախարարության բյուջետային քաղաքականության և ռազմավարական պլանավորման և եկամուտների վարչությունների ղեկավարների հետ: Քննարկվել են պետական պարտքի և հարկաբյուջետային կայունության գնահատման համակարգի, ինչպես նաև հարկային եկամուտների կանխատեսման մակրոտնտեսական մոդելների վերաբերյալ կիրառական հարցեր, կարևորվել է երկու երկրներում հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումների շարունակականությունը: