21/07/2022 20:37
Ո՞ր տարիքից երեխաներին ծանոթացնել գրքին. Ինչպե՞ս սկսել ընթերցանությունը
Գրքի հետ շփումը երեխայի անհատական զարգացման կարևորագույն գործընթացներից մեկն է։ Ցանկացած ծնողի խնդիրն է պատշաճ ուշադրություն դարձնել փոքրիկի ծանոթությանը գրքին ու ընթերցանությանը։
Aysor.am-ի հետ զրույցում մանկական հոգեբան Մերի Հարությունյանը անդրադարձավ այս կարևոր թեմային և ծնողներին տվեց մի շարք խորհուրդներ.
«Հասկանալու համար, թե որ տարիքում պետք է գրքեր կարդալ երեխայի համար, պետք է ոչ միայն ուսումնասիրել մասնագետների կարծիքը, այլև գնահատել հենց երեխայի պատրաստակամությունը: Առաջին նշանը երեխայի փորձերն են՝ կիրառելու տարբեր իրեր իրենց նպատակային օգտագործման համար:
Գրքերի հետ ծանոթությունը պետք է սկսել ամենավաղ տարիներից։ Այդպես երեխաները հետագայում ավելի հեշտ են կապեր հաստատում, ընկերներ գտնում և շփվում»:
Երբ երեխան կարողանում է կենտրոնանալ մեկ թեմայի վրա, ապա կարելի է սկսել ցույց տալ նրան նկարազարդումները։ Այս հարցում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ծնողի հետ հուզական կապին, որպեսզի երեխան լսի հստակ, գրագետ խոսք, հետևի շուրթերին, հնչյուններով արձագանքի խոսքին, որից հետո ծնողի հետ կարողանա քննարկել և պատմել իր տպավորությունների մասին:
«Սկզբնական շրջանում ավելի լավ է ընտրել պարզ պատմություններ, որտեղ բառերը քիչ են, նկարները շատ։ Դրանք կարող է լինել փոքրիկ բանաստեղծություններ, մանկական պատմվածքներ և այլն: Եթե գրքերը պատկերներ են պարունակում, անպայման պետք է ուշադրություն դարձնել դրանց վրա։ Նկարագրել կերպարներին. ով ինչ է հագել, ով ինչ է անում, զգում: Սա կօգնի երեխային զարգացնել խոսքն ու կենտրոնացումը:
Կարևոր քայլ է թույլ տալ երեխային թերթել էջերը կարդալիս: Սա կօգնի նրան զարգացնել ձեռքերի նուրբ շարժիչ հմտությունները, ինչպես նաև իրեն զգալ գործընթացի կարևոր մասնակից», - ասաց հոգեբանը։
Եթե երեխային դուր է եկել մի պատմություն և նա չի ցանկանում լսել որևէ այլ պատմություն, մի՛ անհանգստացեք: Թող նա նորից ու նորից լսի: Ի վերջո, ամեն անգամ նա հնարավորություն ունի այս հնի մեջ նոր և կարևոր բան գտնել: Երեխան կարող է նաև վերապատմել հեքիաթը, որն էլ կզարգացնի և կբարելավի հիշողությունը:
Մերի Հարությունյանը խորհուրդ տվեց հեքիաթի ավարտից հետո երեխային հարցնել, թե ինչ կարող էր հաջորդել այդ դրվագին, թող նա այս պատմության հետագա ավարտը ստեղծի: Այս վարժությունը խթանում է երևակայությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։