21/07/2022 19:26
Շագանակագեղձի քաղցկեղ. պասիվ սեռական կյանքը ևս նպաստում է հիվանդության զարգացմանը
Տղամարդկանց դեպքում թոքի քաղցկեղից հետո առավել հաճախ դրսևորվում է շագանակագեղձի քաղցկեղը։ Այն տղամարդու սեռական գեղձի՝ շագանակագեղձի չարորակ նորագոյացություն է։ Հիվանդության առաջացման գործոններից առանձնացվում է ժառանգական նախատրամադրվածությունը, կան հետազոտություններ, որ փաստում են՝ պասիվ սեռական կյանքը ևս նպաստում է հիվանդության զարգացմանը, բացասաբար ազդում է նաև ոչ առողջարար, ճարպոտ, ապխտած սնունդը, սեռական հորմոնը՝ տեստոստերոնը նույնպես ունի խթանող ազդեցություն։
Հիվանդությունը վաղ փուլերում սովորաբար ընթանում է առանց ախտանշանների, քանի որ շագանակագեղձի չարորակ հանգույցները հիմնականում առաջանում են գեղձի ծայրամասային հատվածներում, տարիներ են պետք զարգացման, չափերի մեծացման, միզարձակության խնդիրների առաջացման համար։
Շագանակագեղձի քաղցկեղը հաճախ նաև զուգակցվում է շագանակագեղձի բարորակ գերաճի հետ, որն առավել հաճախ է դառնում միզարձակության խանգարումների պատճառ։
• Մեզի շիթի թուլացում
• Գիշերային-ցերեկային հաճախամիզություն
• Դժվարամիզություն
Վերոնշյալ գանգատների առաջացման դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի, հետազոտվել՝ բացառելու համար չարորակ նորագոյացությունը։
Այլ գանգատներ ավելի ուշ փուլերում են ի հայտ գալիս. մեզի, սպերմայի մեջ արյան առկայություն, մետաստազիկ դեպքերում կարող են առաջանալ ցավեր՝ կոնքի հատվածում, սեռական օրգաններում, հնարավոր են նաև ոսկրերի ախտաբանական կոտրվածքներ, պայմանավորված, թե որ օրգան համակարգում են գտնվում մետազստազիկ օջախները, կարող են առաջանալ նաև շնչառական, նյարդաբանական, մարսողական խնդիրներ։
Հիվանդության փուլերը
Վաղ փուլերում տեղայնացված քաղցկեղ է, հաջորդ փուլում տեղային-տարածված քաղցկեղ. նորագոյացությունը շագանակագեղձի սահմաններից տարածվում է կոնքի այլ օրգաններ՝ սերմնաբշտեր, ուղիղ աղիք, միզածորան, միզապարկ։
Հիվանդության վերջին փուլում դրսևորվում է մետաստազիկ քաղցկեղ. չարորակ օջախներ հայտնաբերվում են ոսկրային համակարգի տարբեր հատվածներում, նաև այլ օրգան համակարգերում՝ թոքեր, լյարդ, գլխուղեղ։
Չնայած շագանակագեղձը համարվում է սեռական գեղձ՝ քաղցկեղի հատկապես վաղ փուլերում անմիջական ազդեցություն չի թողնում սեռական կյանքի որակին, սովորաբար խնդիրներ՝ սեռական ցանկության իջեցում, պոտենցիայի նվազում առաջանում են հիվանդության ավելի ուշ փուլերում։
Այն բավական դանդաղ զարգացող հիվանդություն է, խիստ կարևոր է ժամանակին ախտորոշելը, վաղ փուլերում բուժումը (հորմոնալ թերապիա, վիրահատական միջամտություններ, ճառագայթային թերապիա) բավական արդյունավետ է դառնում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։