21/07/2022 11:37
ԱԼԳ երկրներում Հայաստանն անկախ դատական համակարգ ունենալու հարցում առաջատար է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
Նա ասաց, թե այս ռազմավարությունը նոր չէ. շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության, ու շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդից: Նախարարի խոսքով՝ առաջին հարցը դատական համակարգի բարեփոխումն է. նախատեսում են հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը:
«Առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում», - ասաց նա:
Հաջորդ կարևոր ուղղությունը դատարանների թվայնացումն է. ամբողջ գործընթացը կթվայնացնեն:
«Դատական քննությունները կարող են անցկացվել օնլայն, այսինքն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու», - նշեց Անդրեասյանը:
Նա նշեց, թե առաջիկա ամսիներին նախաձեռնելու են, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի։ Սա, ըստ Անդրեասյանի, կոռուպցիայի դեմ պայքարի լրջագույն միջոց կդառնա:
Բարեվարքության ստուգման կենթարկվեն նաև դատախազները, քննիչները, ՔԿՀ աշխատակիցները:
Հատուկ աշխատանքներ կկատարվեն նաև Հարկադիր կատարման համակարգի բարեփոխման ոլորտում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե իրենց ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն չեն ունեցել:
«Ես ինքս էլ արձանագրել եմ դա բազմիցս, մենք այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից», - ասաց նա:
Փաշինյանը, սակայն, նշեց, թե վերջերս թերթել է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը ու արձանագրել է, որ մի շարք ուղղություններով Հայաստանը ԱԼԳ երկրներում առաջատար դիրքեր ունի, այդ ցանկում է նաև «Անկախ դատական համակարգ» վերնագիրը: