21/07/2022 10:27
Ո՞ւր են հայ ազգի 200 կամ 300 այն երևելիները, ովքեր պետությունը և Արցախը փրկելու առաքելություն կարող են վերցնել․ Կամո Աթայան
Ակնհայտ է, որ «գործող» իշխանությունը մեր ամենացավալի պարտությունը դարձրել է, այսպես կոչված, «խաղաղության» դարաշրջանի հիմնաքար և առանց վարանելու, թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերին ներդաշնակ, առաջ են տանում Արցախի վերջնական հանձնման և ՀՀ-ի մաս առ մաս բզկտման ու այդ հրեշավոր տանդեմին հանձնելու քաղաքականություն:
«Դիմադրության» շարժման ամիսներ տևող ցույցերի ու միտինգների ընթացքում հնչած ելույթների բովանդակության առումով ևս բաց տեղ, կարծես, չի մնացել, և՛ մասնագիտորեն, և՛ միտինգային տրամաբանությամբ հարցերը տեսականորեն քննարկվել ու քննարկվում են:
Եթե չեմ սխալվում՝ մոտ մի ամիս առաջ հերթական միտինգի ժամանակ խոսվեց ազգի արհեստավարժ նվիրյալների ցուցակի մասին, որտեղ 200 կամ ավելի ազգանուն է ընդգրկված, ու այդ մարդիկ պատրաստ են երկիրը փրկել կործանումից...
Հիմա կարծում եմ ճիշտ ժամանակն է, որ «Դիմադրության» ղեկավարները, ոչ միայն հրապարակեն, այլև այդ մարդկանց բերեն հարթակ, նրանց խոսքը լսելի դարձնեն հանրությանը: Այդժամ հանրության ավելի մեծ /նաև չքաղաքականացված հատվածները/ կմիանան պայքարին ու վերջապես կբազմապատկվեն հանուն պետականության և Արցախի փրկության շարժման բոլոր ցուցիչները...
Հ.Գ. Ինձ համար այս շարժումը քաղաքական կամ կուսակցական չէ: Այն համարում եմ Արցախի և Հայոց պետականության փրկության շարժում, որի զանգվածային լինելը կարևոր է ու ոչ մի դեպքում կուսակցական պատկանելությունը, ներկա, նախկին, կամ ավելի նախկին լինելն էական չէ: Սա հայ արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիների պայքար է ներքին, բավականին արմատակալած թշնամու դեմ: