21/07/2022 15:01
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի անվան տարրը պաշտոնապես գրանցվել է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի անվան տարրը գրանցվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում:
«Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվել է ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, 2021 թ. Տոկիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն այսօր արդեն պաշտոնապես անվանվեց Դավթյան:
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ)», - ասվում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում: