21/07/2022 13:28
2020թ. աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում իրականացվող բնակարանաշինության աշխատանքները:
2021-ից մինչև 2022 թ. հուլիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման և հին բնակֆոնդի վերանորոգման արդյունքում:
Դրանցից 377-ը նորակառույց բնակարաններ են՝ հիմնականում Ստեփանակերտում, որոնք կառուցվել են Արցախի և Հայաստանի պետական միջոցների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Բնակարաններն ու բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց ընտանիքներին, տեղահանվածներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների, 5 և ավելի զավակներ ունեցող ընտանիքներին, փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներին, ծնողազուրկ անձանց ընտանիքներին:
«2020 թ. աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի՝ տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցների և սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով: Կատարված աշխատանքներն ամփոփ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը», - Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահը: