21/07/2022 09:31
«Ժողովուրդ». Վարորդների մի մասին ինչո՞ւ գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում. պետությունը հերթական թերի օրենքն է մշակել: Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդների մի մասին գլխացավանքի մեջ է գցել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդները պատրաստակամորեն մեքենան կայան են հասցնում, բայց գազաբալոնների լցաճնշակայանները հրաժարվում են սպասարկել գործարանային բալոն ունեցող մեքենաներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գազաբալոնների լցաճնշակայաններից տեղեկացավ՝ պատճառն այն է, որ գործարանային բալոնների վրա փորձաքննության ենթարկելուց հետո նոր փականներ կամ այլ դետալներ դնելու խնդիր է առաջանում, քանի որ դրանք հատուկ արտադրության են:
Ու քանի որ լցաճնշակայաններում հիմնականում միատեսակ ու, այսպես ասած, ունիվերսալ դետալներ են կիրառվում, գործարանային բալոնների համար լուծումներ գտնելը բարդ է, ավելի ճիշտ՝ անհնարին: Խնդրին Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են ու վստահեցնում են՝ առաջիկա օրերին նախարարությունն իր հարկի տակ կհավաքի վկայագիր տրամադրող բոլոր ընկերություններին՝ հասկանալու՝ հարցին ինչ լուծում տալ:
Նախարարության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանն է վստահեցնում. «Այո՛, նման խնդրի մենք էլ ենք ծանոթ ու այժմ մտածում ենք՝ ինչպիսի լուծումներ գտնել, ինչ անել: Առջիկա օրերին, կարծում եմ, լուծումներ կլինեն»:
Գազաբալոնների վկայագրման օրենքը, հիշեցնենք, օգոստոսի 1-ից է ուժի մեջ մտնում, ու համաձայն դրա` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել: Ստացվում է՝ պարտաճանաչ վարորդը, որի մեքենան գործարանային արտադրության գազաբալոն ունի, վաղը, մյուս օրը գազ լիցքավորել չի կարողանալու զուտ այն պատճառով, որ վկայագիր տրամադրող կայանները սպասրակելուց հրաժարվել են: Եվ, փաստորեն, օրենքի թերի կարգավորումն ու դրա կիրառման հետ կապված խնդիրները ոչ միայն գլխացավանք են ստեղծելու վարորդների համար, այլև հավանական վեճերի պատճառ են դառնալու վարորդների ու գազալցակայանների աշխատակիցների միջև:
Սա իշխանությունների հերթական անկատար ու թերի օրենքն է, ինչը գործի դնելուց հետո մեկ էլ պարզվում է, որ այն քաղաքացիներին խառնաշփոթի մեջ է գցում ու վեճի առարկա դառնում դրա շահառու քաղաքացիների համար: Տարաբնույթ օրենքներ մշակող իշխանավորները, ինչքան էլ հավատացնեն, թե մարդու շահերից բխող նորմեր են բանեցնում, ճիշտ կանեն ամեն ինչ բոլոր կողմերից ուսումնասիրեն, ապա նոր միայն օրենքը մարդկանց վզին փաթաթեն»։