22/07/2022 19:00
Կրկնվող երազներ․ ինչու՞ են դրանք հետապնդում մարդկանց ու հնարավո՞ր է արդյոք ազատվել մղձավանջներից
Մեր երազները տարբեր են լինում, երբեմն՝ յուրօրինակ, իսկ երբեմն էլ նույն երազը կրկնվում է։ Լինում է նաև այնպես, որ կրկնվող երազներն սկսում են «հետապնդել» մարդուն։ Ինչու՞ էայդպես։
Հոգեթերապևտներն ունեն դրա բացատրությունը։ Բանն այն է, որ կրկնվող երազները ոչ միշտ, սակայն շատ հաճախ հաճելի երազներ չեն լինում, այլ մղձջավանջներ կամ վատ զգացողություններ արթնացնող երազներ։ Դա, որպես կանոն, նշանակում է, որ երազը տեսնողը ինչ-որ մի կարևոր բանի վրա պետք է կենտրոնացնի ուշադրությունը, լուծի ինչ-որ խնդիր, որը երկար ժամանակ է՝ այդ լուծմանն է սպասում։
Մեկ այլ հատկանշական հանգամանք էլ կա։ Կրկնվող երազները միշտ չէ, որ 100 տոկոսով նման են մեկը մյուսին։ Սովորաբար կրկնվում են որոշ դետալներ, թեմաներ։ Այս դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել տեղի ունեցող փոքր փոփոխություններին։ Օրինակ, եթե հոգեկան տրավմա հարուցող, կրկնվող երազում սկսում են հայտնվել, մյուս դետալներին միահյուսվել մարդիկ ու վայրեր՝ կյանքի ընթացիկ շրջանից, իսկ երազը դադարում է նույնպիսի սրությամբ ընկալվել, ինչպես սկզբնական շրջանում էր ու ավելի քիչ է անհանգստացնում մարդուն, նշանակում է՝ տրավմատիկ շրջանն աստիճանաբար հաղթահարվում է։
Իսկ ինչու՞ են մարդիկ կրկնվող երազներ տեսնում
Երազները մարդուն օգնում են «վերամշակման ենթարկել» հուզական հիշողությունները, ուստի կրկնվող երազը զգացմունքային դաշտում եղած խնդրի «արտահայտում» է․ խնդրի, որը դեռ չի հաղթահարվել։ Օրինակ՝ մեծ կորուստ կրած և երկար ժամանակ այդ կորուստը սգացող մարդը կարող է երկար ժամանակ (նույնիսկ տարիներ շարունակ) կրկնվող երազներ տեսնել իր մեծ կորստի մասին, և այդ մղձավանջից ազատվելու համար պետք է աշխատի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սեփական հուզական աշխարհը։
Մասնագետները գտնում են նաև, որ սահմանափակ դեպքերում, միայն երբեմն կրկնվող երազներ տեսնելը նորմալ է․ մարդու երազները որոշակի «շաբլոն», կրկնվող օրինաչափություն ունեն։ Բացի այդ, կրկնվող երազները կապ ունեն արթուն ժամանակ մարդու վարքի կրկնվող, դրսևորումների, ձևերի հետ։ Եթե մարդն անընդհատ, երկար ժամանակ վարքագծի մեկ՝ որոշակի ձև է դրսևորում, նա, ըստ ամենայնի, համապատասխան երազներ կտեսնի։ Օրինակ՝ եթե երազում մարդուն անընդհատ հետապնդում են, դա կարող է վկայել այն բանի մասին, որ արթուն ժամանակ նա խուսափողական վարքագիծ է դրսևորում․ խուսափում է կոնկրետ անձանցից, երևույթներից, խնդիրներից, դրանց լուծումներից և այլն։ Երբ վարքագիծը փոխվի, մեծ է հավանականությունը, որ նմանատիպ երազներ նրան այլևս չեն այցելի։
Այսպիսով, կրկնվող երազների հիմնական պատճառներից են լուծում չգտած զգացմունքային խնդիրները, սթրեսը, կրկնվող, նույնատիպ վարքագիծը։
Սթրեսով պայմանավորված երազներն ու կրկնվող երազները հատման շատ կետեր ունեն, բայց դրանք նույն երևույթը չեն։ Սթրեսով պայմանավորված երազը կարող է չկրկնվել, իսկ կրկնվող երազը կարող է նաև կապ չունենալ սթրեսի հետ։ Բայց եթե, օրինակ, կրկնվող վարքագիծը բացասաբար է ազդում մարդու վրա կամ սթրեսի պատճառ է դառնում, ապա դա անպայման կարտահայտվի նրա երազներում։
Սթրեսով պայմանավորված և երբեմն կրկնվող երազներից կարող են լինել բնական աղետների մասին երազները։ Մասնագետներն ընդհանրական կարծիք ունեն, որ երազում փոթորկի, ցունամիի կամ բնական այլ աղետի տեսարանները խորհրդանշում են մարդու սթրեսն ու դրա նկատմամբ նրա վերահսկողության կորուստը։ Այդպիսի երազները կարող են պայմանավորված լինել նաև արդիական ինչ-որ խնդրով, որն անհնագստացնում է մարդուն։
Բացի այդ, մարդու երազները կարող են պայմանավորված լինել նաև այն զգացմունքների հետ, որոնք կյանքի տվյալ շրջանում գերակշռում են նրա մոտ՝ տագնապ, անհանգստություն, վախ և այլն։ Հատկանշական է, որ նման դեպքերում բավականին հասուն տարիքի մարդիկ երազում կարող են տեսնել, թե պետք է քննություն հանձնեն դպրոցում կամ ինստիտուտում այնպիսի մի առարկայից, որի դասաժամերին երկար ժամանակ չեն այցելել կամ որին ժամանակին լավ պատրաստված չեն եղել ։ Այս դեպքում, ըստ մասնագետների բացատրության, երազն ասես «չափում» է մարդու սթրեսի մակարդակն ու «հուշում» նրան, որ սթրես հաղթահարելու փորձ նա արդեն ունի։
Կրկնվող երազները կարող են լինել ինչպես յուրահատուկ «սյուժեով», այնպես էլ՝ տարածված, «ունիվերսալ», որոնք տեսնում են ամենատարբեր մարդիկ։ Դրանցից են, օրինակ, երազները, որոնցում մարդուն հետապնդում են, կամ որոնցում մարդու ատամները թափվում են, կամ մարդը մերկ հայտնվում է հասարակության մեջ։
Ի՞նչ է պետք անել՝ կրկնվող երազներից ազատվելու համար
Կա՞ արդյոք դեղատոմս կամ հատուկ մեթոդ, որը կօգնի ազատվել երկար ժամանակ ուղեկցող նույն երազից։ Լավագույն դեղատոմսն ու մեթոդը ինքնավերլուծությունն է․ հարկավոր է ժամանակ գտնել մտածելու և հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում ձեր ներաշխարհում և ի՞նչ կարող է խորհրդանշել կրկնվող երազը։ Պետք է կամք գտնել՝ անելու առաջին քայլերը՝ հուզող ու լուծում չգտած խնդիրները կարգավորելու համար։
Ըստ մասնագետների, եթե մարդուն հետապնդում են այնպիսի սթրեսային երազներ, որոնցից է, օրինակ, լավ չպատրաստված առարկայից քննություն հանձնելը, նշանակում է՝ նա պետք է ավելի լավ նախապատրաստվի այն գործին, որը նախաձեռնել է կամ նոր է սկսում։
Եթե երազը մարդուն պատճառված հոգեկան մեծ հարվածով է պայմանավորված, գուցե ժամանակ է հարկավոր՝ կորստի հետ ապրելուն սովորելու համար։ Այս դեպքում լավագույն տարբերակը հոգեբանի, հոգեթերապևտի օգնությանը դիմելն է։ Իսկ եթե մարդն զգում է, որ կյանքի այդ հարվածի հետևանքները կարող է ինքնուրույն հաղթահարել ու զուգահեռաբար՝ ազատվել նաև տանջող երազներից, ապա պետք է փորձի մտովի վերադառնալ կրկնվող երազ, խորանալ դրա մեջ, վերլուծել, մեկնաբանել այն, փորձել չվախենալ այդ երազից։ Փոփոխություն այդ դեպքում այնպայման կլինի։
Կրկնվող երազները սովորաբար խորհրդանշում են, որ մարդը կանգ է առել ու մնացել ինչ-որ մի կետում, այդ պատճառով էլ այդպիսի երազներից հնարավոր է ազատվել նշված հոգեվիճակից դուրս գալու դեպքում։ Կրկնվող երազների միջոցով մարդու ենթագիտակցությունը հենց դա է փորձում հուշել նրան, ու այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև բուն գիտակցության մեջ չամրագրվի, որ պետք է շարժվել առաջ․ գիտակցել խնդրի էությունն ու քայլ անել՝ այն լուծելու համար։ Գործողություն՝ ուղղված խնդրի լուծմանը․ ըստ մասնագետների՝ կրկնվող երազներից ազատվելու լավագույն տարբերակներից մեկը հենց դա է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։