22/07/2022 15:26
«Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե ապօրինի ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»․ Սաղաթելյան
Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա․ «Երկիր Մեդիա»-ին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ իշխանական պատգամավորների օրակարգը ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները բոյկոտվել են։
«Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ», - ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմության հետ շանտաժի լեզվով չեն կարող խոսել, իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։
Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում․ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրություն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։