22/07/2022 14:05
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած. մինչև 12:30-ը քվորում չի ապահովվել
Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի` հուլիսի 22-ի արտահերթ նիստին ժամը 10:30-ին համապատասխան թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասերի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:
Մինչև ժամը 12:30-ը քվորում չի ապահովվել. ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:
Նիստի օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն էր:
Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ հաճելի» էր որակել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:
Լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվել էին՝ մանդատների մասով ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում, Սիմոնյանն էլ արձագանքել էր. «Շատ հաճելի»:
Հարցին՝ լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՞ ոչ` ԱԺ նախագահը պատասխանել էր. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»: