22/07/2022 17:00
Ի՞նչ խնդիր է իրականում Ակնալճում. պարզաբանում ՀԷՑ-ից
Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ, ի նշան բողոքի, երկկողմանի փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։
Ակցիայի մասնակիցները բողոքում էին էլցանցերից և ջրմուղից։
Aysor.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանից։
Սարջանյանն ասաց, որ էլեկտրամատակարարման ընդհատումները պայմանավորված են Էջմիածնի ջրօգտագործման ընկերության սպասարկման տակ գտնվող ենթակայանների և օդային գծերի անմխիթար վիճակով։
«ՋՕ-երի էլեկտրատնտեսությունը անմխիթար վիճակում է, որի պատճառով էլ անընդհատ անջատումներ են տեղի ունենում, որն էլ իր հերթին ոռոգման խնդիր է առաջացնում»,-ասաց նա։
ՀԷՑ-ը ջրօգտագործման ընկերության հետ շատ երկար «կռիվ է տվել», որ տնտեսությունը կարգի բերեն, թերությունները վերացնեն, բայց՝ ապարդյուն:
ՀԷՑ մամուլի խոսնակն ասաց, որ երկուշաբթի անջատում կանեն, հնարավորություն կտան ՋՕ-ին իրենց տնտեսության թերությունները վերացնել, արդյունքների մասին էլ լրացուցիչ կտեղեկացնեն: