22/07/2022 09:43
«Հրապարակ». Այսօր ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիե Մքալիստերի պատվիրակության հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են իշխանական խմբակցության պատգամավորների հետ համատեղ հանդիպել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիե Մքալիստերի պատվիրակության հետ։ Չնայած ի սկզբանե օրակարգը եղել է այնպիսին, որ եվրոպացի պատգամավորները պետք է ՀՀ ԱԺ-ի հետ ընդհանուր հանդիպում ունենային, այսինքն՝ խորհրդարանական ղեկավարությունը պետք է որոշեր՝ ընդդիմությունից որ պատգամավորը պետք է մասնակցի հանդիպմանը։ Սակայն մենք տեղեկացանք, որ ընդդիմադիրները պատվիրակությանն առաջարկել են առանձին հանդիպել տարբեր խմբակցությունների հետ։ Ասել են, որ այդ ձևաչափն ավելի արդյունավետ կլինի։ Առաջարկը չի մերժվել, և այսօր ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն պատվիրակության հետ։ Իշխանական կամ նրանցից ուղղորդվող շրջանակներն արդեն շահարկում են, թե ընդդիմադիրները խելոք վերադարձան խորհրդարան, սակայն հիշենք, որ ընդդիմությունը հայտարարել է ԱԺ նիստերը բոյկոտելու մասին և շեշտել, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներից չի հրաժարվում։ Առավել ևս՝ եվրոպացի պառլամենտականներին ուզում է ներկայացնել երկրում տիրող իրավիճակը»։