23/07/2022 16:21
Կոլապս. Ի՞նչ վտանգներ է պարունակում երևույթը
Կոլապսը կյանքին վտանգ սպառնացող ծանր վիճակ է, որը բնորոշվում է զարկերակային և երակային ճնշումների կտրուկ անկումով, կենտրոնական նյարդային համակարգի գործունեության ընկճմամբ և նյութափոխանակության խանգարումով:
Կոլապս կարող է առաջանալ մեծ քանակությամբ արյան կորստի, թթվածնի անբավարարության, սնուցման խանգարման, վնասվածքների, դիրքի կտրուկ փոփոխությունների (ուղղակեցվածքային կոլապս), չափից ավելի ֆիզիկական բեռնվածության, ինչպես նաև թունավորումների և որոշ հիվանդությունների (որովայնային ու բծավոր տիֆեր, թոքաբորրբ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում և այլն) դեպքերում:
Անոթային անբավարարությունը և արյան ճնշման անկումն անոթային լարվածության նվազման հետևանք են, որը պայմանավորված է գլխուղեղում առկա անոթաշարժիչ կենտրոնի ընկճմամբ: Կոլապսի դեպքում որովայնի խոռոչի օրգանների անոթները գերլցվում են արյունով, իսկ գլխուղեղի, մկանների և մաշկի անոթների արյունալեցումը պակասում է: Անոթային անբավարարությունն ուղեկցվում է հյուսվածքներն ու օրգանները ողողող արյան մեջ թթվածնի պարունակության նվազմամբ:
Կոլապսի ժամանակ նկատվող ախտանշանները
- Մաշկը գունատվում է, պատվում սառը, կպչուն քրտինքով
- Վերջույթներն ստանում են մարմնակապտավուն երանգ, երակները մաշկի տակ չեն երևում
- Աչքերը խամրում են, դիմագծերը` սրվում
- Զարկերակային ճնշումը կտրուկ ընկնում է, անոթազարկը հազիվ է շոշափվում, կամ, նույնիսկ, բացակայում է
- Շնչառությունը հաճախացած է, մակերեսային, երբեմն` ընդհատուն
- Կարող է նկատվել ակամա միզարձակում
- Ջերմաստիճանը նվազում է մինչև 35 C և ավելի ցածր
- Հիվանդի գիտակցությունը մթագնած է:
Կոլապսի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բուժօգնության: Մինչև բժշկի գալը հարկավոր է հիվանդին պառկեցնել` առանց բարձի:
Իրանի ստորին մասը և ոտքերը մի փոքր բարձրացնել, հիվանդի քթին մոտեցնել բժշկական սպիրտ: Վերջույթների տակ ջեռակ դնել, թունդ թեյ կամ սուրճ խմեցնել , սենյակն օդափոխել: Հիվանդին պարտադիր հոսպիտալացնել,քանի որ ժամանակին ցուցաբերած օգնությունը, որպես կանոն, արդյունավետ է:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։