23/07/2022 22:23
Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը Հայաստանի ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն հաստատել
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության կապերի բաժինը տեղեկացնում է, որ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի՝ հուլիսի 23-ի ուղերձում ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների խորհրդարան վերադառնալու մասին տեղեկատվությունը ՀՀ ԱԺ ընդդիմադիր ուժերը չեն հաստատել։
«Հայտնում ենք, սակայն, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի բոլոր խորհրդարանական ուժերի Արցախ գալու հրավերը ուժի մեջ է»,- նշում են Արցախ ԱԺ լրատվության և հանրության կապերի բաժնից։
Հիշեցնենք՝ այսօր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ էր հղել ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ նշելով․ «Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։
Արցախի Հանրապետությունում ներքաղաքական, կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։
Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։
Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»։