23/07/2022 13:52
Արցախի վանական համալիրներից մեկի տարածքում հողածածկույթը մաքրելիս խաչքար ու տապանաքար է հայտնաբերվել՝ արձանագրություններով (Լուսանկարներ)
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, հուլիսի 21-ին Արցախի հնագույն պատմամշակութային վայրերից մեկում՝ Բռի Եղցի վանական համալիրում, իրականացվել են մաքրապատման աշխատանքներ, տեղեկացնում է ՀԱՍԵ Արցախի թեմը։
Օրհնաբեր այս գործողությունն ի կատար է ածվել Արցախի թեմի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների համատեղ ջանքերով և Տիկին Վիրջինիա Դևիսի ու Save Armenian Monuments կազմակերպության հովանավորությամբ։ Աշխատանքն իրականացվել է արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի կազմակերպմամբ ու ներկայությամբ։ Իրենց աջակցությունն ու ներկայությունն են ապահովել նաև Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեշնորհ սարկավագները։ Մշտապես Արցախի կողքին կանգնած հարգարժան դոկտոր Մարինե Մխիթարյան-Լազարիդուն թե՛ կազմակերպչական և թե՛ աջակցության առումով նույնպես մասնակիցն է դարձել այս սուրբ գործին։ Մաքրապատմանը միացել են նաև Հացի գյուղի երիտասարդները՝ գյուղապետի գլխավորությամբ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես նպաստել են աշխատանքներին։ Հոգևորականաց դասի առաջնորդությամբ՝ ներկաները աղոթքով են սկսելբարեկարգման աշխատանքները։
Վանական համալիրի տարածքը բուսածածկույթից ու հողածածկույթից մաքրելու ընթացքում բացահայտվել է մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ իրենց արձանագրություններով։