23/07/2022 18:21
Գիշիում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել
Նախօրեին Արցախի Մարտունու շրջանի Գիշի համայնքի դպրոցի բակում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողություն, «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը՝ հավելելով, որ հուշակոթողը հեղինակել է հայաստանաբնակ քանդակագործ Վաղինակ Մանուկյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ պատերազմի ընթացքում Գիշու միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված է եղել Մարտունու զինվորական հոսպիտալը, որտեղ վիրավոր զինվորների կյանքերի համար պայքարում էին նաև Երևանի տարբեր կլինիկաներից ժամանած բժիշկներ։ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հուշակոթողի նախաձեռնությունը հոսպիտալի բժիշկներինն է:
«Դպրոցի բակում կանգնեցված հուշակոթողը նաև իր ազդեցությունը կունենա մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Երեխաները տեսնելով հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած տղաների հիշատակը հավերժացնող կոթողը՝ սերտելու են հերոսական դասերն ու դաստիարակվելու են նրանց խիզախության ու հայրենանվիրումի օրինակներով»,-ասել է համայնքապետը: