23/07/2022 14:58
Լոնդոնում ցանկանում են, որ 2036 թվականի Օլիմպիական խաղերն իրենց մոտ անցնեն
Լոնդոնի քաղաքապետարանը հայտ է նախապատրաստում 2036 թվականին կայանալիք Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերը իր հարկի տակ ընդունելու վերաբերյալ, հայտնել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը՝ Sky Sports հեռուստաալիքի եթերում։
«Մենք ցանկանում ենք Օլիմպիական խաղերը վերադարձնել Լոնդոն։ Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես եղանք կլիմայի փոփոխության հետևանքներին՝ ջերմային ալիքներ, հրդեհներ։ Մենք պետք է համոզված լինենք, որ ապագայում կազմակերպվելիք խաղերը բնապահպանական բնույթ կկրեն, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ Բրիտանիան կարող է դա ապահովել։
«Ամենահրաշալին այն է, որ Լոնդոնը կարիք չունի ածխածին ծախսել՝ նոր մարզադաշտ, հեծանվահրապարակ կամ լողավազան կառուցելու համար, որովհետև մենք ունենք ամեն ինչ՝ Օլիմպիական խաղեր անցկացնելու համար։ Ի դեպ, մենք ռեկորդ են սահմանել․ մեզ մոտ Խաղերը կազմակերպվել են 3 անգամ։ Դա փառահեղ էր»,- հավելել է նա։
Նշենք, որ Օլիմպիական խաղերը Լոնդոնում անցկացվել են 1908,1948 և 2012 թվականներին։