25/07/2022 21:34
Ինչպե՞ս տարբերակել՝ մաշկը չո՞ր է, թե՞ ջրազրկված և ի՞նչ անել ջրազրկման հետևանքները վերացնելու համար
Չոր մաշկը հատկանշական է նրանով, որ ավելի քիչ ճարպ է արտադրում։ Չոր մաշկն ավելի բարակ է, դիմախաղի կնճիռները չոր մաշկ ունեցողների մոտ ավելի արտահայտիչ են լինում, իսկ ծակոտիները գրեթե չեն նկատվում։ Եթե այս հատկանիշները բնորոշ չեն եղել ձեր մաշկին, սակայն զգում եք, որ այն չոր է, ապա մեծ է հավանականությունը, որ մաշկը պարզապես ջրազրկվել է։
Ինչպե՞ս ճիշտ տարբերակել՝ մաշկը չո՞ր է, թե՞ ջրազրկված
Ջրազրկված մաշկին բնորոշ են չորությունն ու զգայնությունը՝ միաժամանակ, յուղոտ փայլն ու ծակոտիների լայնացումը, դեմքի գունատությունը, մաշկի ոչ հարթ մակերեսը, բորբոքվածությունը ։
Բանն այն է, որ մաշկի լիպիդային թաղանթը 3 բաղադրիչից է կազմված․ երբ դրանցից մեկը խախտվում է, թաղանթում «ճեղքեր» են առաջանում, որոնց միջով էլ խոնավությունը գոլորշիանում է, և մաշկը, կորուստը քչացնելու համար, սկսում է խոնավությունը պահել միակ հնարավոր միջոցով՝ ավելի շատ ճարպ արտադրելով, ինչի պատճառով էլ դեմքին յուղոտ փայլ է առաջանում։ Այդ պատճառով էլ ջրազրկված մաշկը կարգի բերելու համար հարկավոր է ամբողջությամբ վերականգնել նրա պաշտպանիչ «պատնեշը»։
Ընդհանուր առմամբ՝ մաշկի ջրազրկումն իրենից ներկայացնում է լիպիդային թաղանթի բաղադրիչներից մեկի խախտում՝ այս կամ այն պատճառով։ Իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝ օրգանիզմում ներքին պրոցեներից սկսած (սթրես, առողջական տարբեր խնդիրներ), մինչև արտաքին ազդեցություններ (սննդակարգի, կլիմայի, եղանակի փոփոխություն, օդի չորություն և այլն)։
Ինչպե՞ս «փրկել» ջրազրկված մաշկը
Իրականում ջրազրկվել կարող է նաև յուղոտ մաշկը․ չոր և յուղոտ մաշկի վերականգման պրոցեսները տարբեր են։
Չոր և ջրազրկված մաշկը պետք է լրացնի ճարպի «սեփական» ծավալը։ Այս դեպքում հարկավոր է օգտագործել խնամքի այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են ժոժոբայի յուղ, սկվալան, լեցիտին, մեղրամոմ, շիի, կակաոյի յուղ, լանոլին։ Շատ լավ կլինի, եթե բաղադրության մեջ կերամիդներ լինեն։ Չոր մաշկը խնամել պետք է նաև խոնավեցնող բաղադրիչներ պարունակող միջոցներով՝ հիալուրոնաթթու, գլիցերին, ալոե վերայի գել, տարբեր պոլիսախարիդներ։ Դրական ազդեցություն են թողնում չիչխանի յուղն ու լուծույթը։ Ջրազրկված չոր մաշկը մաքրել պետք է միայն փափուկ կրեմերով ու քսուքներով, «կաթիկներով», իսկ լվացվելու համար նախատեսված փրփրող միջոցներից ու գելերից պետք է հրաժարվել։ Դրանք չոր, բայց առողջ մաշկ ունեցողներին էլ խորհուրդ չի տրվում օգտագործել։
Յուղոտ ջրազրկված մաշկը պետք է խնամել թեթև, բայց լավ խոնավեցնող միջոցներով, որոնք չպետք է պարունակեն «ծանր» յուղեր, ինչպիսիք են շիի, կակաոյի յուղը կամ մեղրամոմը։ Խորհուրդ է տրվում օգտագործել խնամքի այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են դափնու, սև չամանի յուղ, ինչպես նաև ծծումբ, ցինկ, կաղնու, ուռենու կեղևից, վարունգից, եղեսպակից ստացված լուծույթներ։ Լավ կլինի, եթե խնամքի միջոցը պարունակի հիալուրոնաթթու, գլիցերին, կարագինան, լեցիտին, ալանտոին։ Յուղոտ ջրազրկված մաշկը պետք է մաքրել շերտազատող միջոցներով, որոնք պարունակում են aha-թթուներ, սակայն պետք է խուսափել սպիրտ պարունակող կոսմետիկ ցանկացած միջոցից. դրանք ավելի կջրազրկեն մաշկը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։