25/07/2022 19:20
Վաղաժամ ծննդաբերություն. Ռիսկի գործոններ և կանխարգելում
Վաղաժամ ծննդաբերությունը ապագա մայրերի վախերից է: Սրանից ոչ ոք ապահովագրված չէ, սակայն կարելի է նվազագույնի հասցնել ռիսկերը՝ հետևելով մի շարք ցուցումների և վարելով առողջ հղիություն:
Իդեալական է համարվում 39-40 շաբաթական երեխայի ծնունդը։ Այնուամենայնիվ, երեխաների 70%-ը ծնվում է 34-37 շաբաթականում։
Վաղաժամ ծննդաբերության ռիսկի գոտում են այն կանայք, ովքեր՝
կրում են մեկից ավելի պտուղ,
ունեն արգանդի կամ արգանդի վզիկի կառուցվածքային առանձնահատկությունները,
օգտագործել են թմրանյութեր, ալկոհոլ, ծխախոտ
կատարել են ծանր ֆիզիկական գործունեություն,
ենթարկվել էմոցիոնալ բռնության և սթրեսի։
Ռիսկի խմբում են նաև այն ապագա մայրերը, ովքեր չեն գրանցվել հղիության ընթացքում կամ անտեսել են ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտությունները, սկրինինգը։
Վաղաժամ ծննդաբերության վտանգը ավելի տարածված է շաքարային դիաբետ, անեմիա, հիպերտոնիա, միզասեռական ինֆեկցիաներ, հիպոթիրեոզ, նախածննդյան քաշի հետ կապված խնդիրներ (դեֆիցիտի կամ գիրություն), թրոմբոֆիլիա, հեշտոցային արյունահոսություն ախտորոշումների դեպքում: Եթե կինը նախկինում ժամանակից շուտ է ծննդաբերել երեխային, ապա վաղաժամ ծննդաբերության հավանականությունը պահպանվում է հետագա հղիությունների դեպքում:
Ժամանակակից բժշկությունն ի վիճակի է վաղաժամ ծնված երեխայի խնամք ապահովել և փրկել նրա կյանքը, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել լիարժեք առողջ կյանք: Այդ իսկ պատճառով պետք է նախապես պատրաստվել երեխայի ծնունդին՝ բացառելով վնասակար գործոնների ազդեցությունը։
Ծննդաբերող կնոջ համար վաղաժամ ծնունդը սովորաբար վտանգավոր չէ: Կան միայն հոգեբանական խնդիրներ՝ սթրես, վախ ու անհանգստություն երեխայի համար:
Ինչու՞ է վտանգավոր վաղաժամ ծնունդը
Երեխաների մոտ ամբողջովին չեն հասցնում զարգանալ կենսական նշանակության մի շարք օրգաններ։ Թոքերի թերզարգացման պատճառով չեն կարողանում պատշաճ շնչել: Առաջանում են մարսողության հետ կապված մի շարք խնդիրներ. օրգանիզմը չի կարող կլանել մոր կաթի բոլոր բաղադրիչները։ Երեխաների համար արտաարգանդային կյանքը դառնում է ուժեղ սթրես։ Նրանք վատ են դիմադրում վարակներին, խաթարվում է ջերմակարգավորումը:
Վաղաժամ ծննդաբերության ախտանիշները՝
ցավ, ճնշում և անհանգստություն սեռական օրգաններում, ազդրերում, կոնքում,
գոտկատեղի բութ ցավ,
մեջքի հատվածում ճնշման զգացում,
սպազմ և ցավ աղիներում,
հեշտոցային արտադրություն,
տարբեր ինտենսիվության կծկումներ:
Վտանգավոր են նաև հետևյալ ախտանշանները՝ հանկարծակի տեսողության խանգարում, չդադարող միգրեն, դեմքի կամ ձեռքերի այտուցվածություն, 38ºC և բարձր ջերմաստիճան, ցավոտ միզում, որովայնի վնասվածք, 3-րդ եռամսյակում պտղի ակտիվության նվազում։
Վաղաժամ ծննդաբերությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս
Հանգստանալ, խուսափեք նյարդային ծանրաբեռնվածությունից, քնել առնվազն 7 ժամ։
Ուտել վիտամիններով հարուստ սնունդ, սննդակարգից բացառել ֆասթֆուդը, ճարպային, տապակած, կծու և աղի մթերքները։ Հրաժարվել սուրճից և թունդ թեյից։
Հսկել խմելու ռեժիմը. աշխատեք չծարավել, ջուր խմել 2 ժամը մեկ։
Վերացնել արտահայտված ֆիզիկական ակտիվությունը. սա կարող է բարձրացնել տոնուսը՝ առաջացնելով վաղաժամ ծնունդ։
Պահպանել անձնական հիգիենան. վարակները վաղաժամ ծննդաբերության սադրիչներ են։
Գրանցվել նախածննդյան կլինիկայում առաջին եռամսյակում` 6-8 շաբաթվա ընթացքում:
2-րդ եռամսյակում սկսել լսել երեխային՝ նրա շարժումները, ակտիվությունը: Գրանցել ցանկացած փոփոխություն, խոսել դրանց մասին բժշկի հետ: Սուր ցավի, կծկումների, սպազմերի, արյան առկայության դեպքում շտապ օգնություն կանչել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։