25/07/2022 12:38
Ավետիք Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների նախանշանն է. Մենուա Սողոմոնյան
«Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանի պնդմամբ՝ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործին առնչվող ապօրինությունները հերթական անգամ ապացուցում են, որ Հայաստանում խախտված է սահմանադրական կարգը:
«Երեք փաստ կարող եմ նշել. թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ Դատախազության, թե՛ դատարանների կողմից քաղաքական պատվերի կատարում, երկրորդ՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը մեկ մարդու նման քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարում, որպեսզի Ավետիք Չալաբյանին մեղսագրվող հոդվածը շարունակի պարունակել հանցակազմ, երրորդ՝ պետական իշխանություններից անկախ հանդիսացող Կենտրոնական բանկը, որի խորհրդի անդամ է Ավետիք Չալաբյանի եղբայրը, իշխանության թելադրանքով հալածանք է սկսում նաև նրա եղբոր՝ Արա Չալաբյանի նկատմամբ՝ նպատակ ունենալով հեռացնել նրան աշխատանքից և դրանով ազդել Ավետիք Չալաբյանի վրա», - այսօր լրագրղների հետ հանդիպմանը հայտարարեց Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ Ավետիք Չալաբյանին պատժում են քաղաքական երկու պատճառներով. «Առաջինը՝ Ավետիք Չալաբյանի անձը որպես քաղաքական հակառակորդ Նիկոլ Փաշինյանի, երկրորդ՝ Չալաբյանի օրակարգը որպես հակընդդեմ օրակարգ այն կործանարար ու վտանգավոր ուղեգծին, որն իրականացվում է գործող իշխանությունների կողմից»:
«Ավետիք Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների, 37 թվի նախանշանն է: Եթե մենք անտարբեր ենք մնում, մենք պետք է ակնկալենք, որ այսպիսի դեպքերը մտնելու են յուրաքանչյուրիս տուն», - հավելեց Սողոմոնյանը: