25/07/2022 10:18
Անհրաժեշտ է մշակել, հնարավորինս արագ ընդունել և կիրարկման դնել «Ուսուցչական կադրերի նպատակային պատրաստման և տեղաբաշխման» ՀՀ պետական ծրագիր. Կամո Աթայան
Ուսուցչի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անկման մասին անցած տասնամյակների ընթացքում շատ է խոսվել, բայց դժբախտաբար կոնկրետ քայլեր չեն կատարվում, իսկ կրթության հիմքերը քայքայող այդ գործընթացն ավելի ու ավելի մեծ չափեր է ընդունում.
Վերջին օրերին, կապված բուհերի ընդունելության այս տարվա տխուր պատկերի հետ, երբ թափուր են մնացել նաև պետպատվերի հարյուրավոր անվճար տեղեր, կրկին սկսվեց քննադատությունների տարափ, մասնավորապես, դպրոցի և ուսուցչի նկատմամբ։
Ի դեպ՝ նման քայլի մեր հասարակությունը, դժբախտաբար, միշտ պատրաստ է, դեռևս սկսած ԽՍՀՄ-ի տարիներից՝ փոխանակ մեծարելու, օգնելու ուսուցչին և հոգ տանելու դպրոցի մասին։
Դպրոցի, հանրակրթության վիճակն իրականում բավականին բարդ է, և միայն համակարգված գիտամանկավարժական, հոգեբանական, կազմակերպչական և ֆինանսատնտեսական միջոցառումներով ու հետևողական աշխատանքով կարող ենք հասնել դրական փոփոխությունների:
Հանրակրթությունից են սնվում պետության կրթության համակարգի հետագա բոլոր աստիճանները և հենց ինքը՝ պետությունը: Ասվածից պարզ է, թե ինչու է այն այդքան կարևորվում։
Հիմա խնդրո առարկայի մասին.
եթե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նկատելի էին տղամարդ ուսուցիչների՝ դպրոցից հեռանալու և բնագիտական ուղղություններով /հատկապես ուսուցչական մասնագիտություններով/ համարյա բոլոր բուհերում դիմորդների թվի նվազման իրողությունները, ապա վերջին տարիներին նույն գործընթացը սկսվել է նաև հումանիտար, լեզվական, տեխնիկատեխնոլոգիական ուղղություններով:
Մանրուքների մեջ չընկնելու համար ուղղակի մի փաստ վերաարձանագրենք, ըստ որի, ՀՀ հանրակրթության համակարգում ավարտված ուսումնական տարում գործող կրթօջախների մոտ 30 տոկոսում բնագիտական առարկաներ կա՛մ մասնագետի պակասի պատճառով չեն դասավանդվել, կա՛մ էլ դասավանդվել են ոչ մասնագետների կողմից /մամուլն այդ տեղեկույթը մի քանի ամիս առաջ տարածում էր/:
Այս խնդիրը բավականին բարդ ու բազմավեկտոր է, ու, դժբախտաբար, մեզ մոտ նման բովանդակային քննարկումներն իսպառ բացակայում են, և բոլոր նման հարցերը «լուծվում» են գերտեսչական կաբինետներում:
Ինչևիցե, նման աղետալի վիճակից դուրս գալու առաջին նպատակային քայը, կարծում եմ, պետք է լինի լուրջ քննարկումների և մշտադիտարկման արդյունքում կազմված պետական մի ծրագիր, որը կարելի է անվանել «Ուսուցչական /մանկավարժական/ կադրերի նպատակային պատրաստման և տեղաբաշխման» ՀՀ պետական ծրագիր: Այստեղ չպետք է մոռանալ նաև մասնագիտական վերապատրաստումների, վերամասնագիտացումների մասին: Այդ ծրագիրն այնուհետև կարող է ինտեգրվել նմանատիպ մի քանի այլ ծրագրերի /ենթածրագրերի/ հետ, որը, սակայն, այլ խոսակցության նյութ է։
Հ.Գ.1 Այս առաջարկը թվերով չեմ ծանրաբեռնում, քանզի նման տեղեկատվություն, ըստ ուղղությունների և տարիների, հասանելի է ու կարելի է անհատապես ըստ ճաշակի և ցանկության հավաքել և ընդհանրացնել։
Հ.Գ.2.Մենք այդպես էլ չկարողացանք շուկայական տնտեսություն որդեգրած պետությանը հարիր կրթության համակարգ կառուցել: