26/07/2022 10:10
ԱՄՆ պետքարտուղարը Իլհամ Ալիևին կոչ է արել վերադարձնել բոլոր հայ գերիներին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բլինքենն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։
«Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի աջակցության առաջարկը՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանն օգնելու հարցում: Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին էր, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը:
Քարտուղարը նաև հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմ համագործակցության և փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն», - նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունում։
Պետքարտուղար Բլինքենը նաև կոչ է արել Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
Հիշեցնենք` երեկ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:
Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: