26/07/2022 13:33
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում բարդ վիրահատության արդյունքում վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի կողմից կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Բժշկական կենտրոն է ընդունվել 5-ամյա տղա երեխա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով:
Սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում է, որի դեպքում երկու կամ ավելի մատներ մասամբ կամ ամբողջովին սերտաճած կամ ձուլված են միմյանց, ինչի հետևանքով միջմատնային տարածությունը մասամբ կամ ամբողջովին փակված է լինում:
Մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ իրենց առաջ դրված ամենակարեւոր խնդիրն այն էր, որ պետք է կարողանային ոչ միայն մատները ճիշտ առանձնացնել իրարից, այլ նաեւ հետագայում չառաջանար սպիաձեւ կոնտրակտուրա, որպեսզի հետագայում մատները կարողանան լիարժեք աշխատել:
Վանաձորի ԲԿ-ից հայտնում են, որ վիրահատությունը տեւել է 2.5 ժամ: Կատարվել է «զեթպլաստիկա», որը, ի պատիվ ողջ բժշկական կենտրոնի ու մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի, հաջողությամբ է ավարտվել: Երեխայի ամբողջ մաշկը լիարժեք վերականգնվել է:
Թե՛ վիրահատության ժամանակ, թե՛ հետվիրահատական շրջանում որեւէ բորբոքային կամ այլ տիպի բարդություններ չեն առաջացել: Վերականգնվել է մատների ամբողջական շարժունակությունը, փոքրիկը կարողանում է ազատ շարժել մատները, բացել, փակել ու խաղալ:
Հետվիրահատական շրջանը տեւել է 14 օր, որից հետո փոքրիկը դուրս գրվել հիվանդանոցից: