26/07/2022 14:45
ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից, ինչը կնպաստի խաղաղ գործընթացին. Ֆրենկ Փալոն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն անդրադարձել է ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին:
«Հաճելի է տեսնել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուսումնասիրում է Հարավային Կովկասի հարցերը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից: ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից, ինչը կնպաստի խաղաղ գործընթացին», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցում քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:
Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող՝ աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: