26/07/2022 12:00
Անկարան սահմանները կբացի Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին, գրում է ermenihaber-ը։
«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ, խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից», - ասել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո, նոր Անկարան կբացի սահմանները:
«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։
Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան լուրջ ու վճռական է տրամադրված, հետապնդում է ամբողջական կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում։
Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար հայերի մասին։
«Ներկա պահին Թուրքիայում կա ավելի քան 100 հազար հայ, որոնց մեջ կան և՛ մեր քաղաքացիներ, և՛ ոչ մեր քաղաքացիներ, բայց այնպես քաղաքացիության թեկնածու հայեր։ Ահա սա է ցույց տալիս մեր մոտեցումը»:
Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ: