26/07/2022 18:06
Ճապոնիայում 44,2 միլիոն իենի փոխհատուցում են տվել Քովիդի դեմ պատվաստվելու հետևանքով մահացածի ընտանիքին
Ճապոնիայի առողջապահության նախարարության հանձնաժողովը որպես փոխհատուցում՝ 44,2 միլիոն իեն է վճարել Քովիդի դեմ պատվաստում ստանալու հետևանքով մահացած 91-ամյա կնոջ ընտանիքին, հայտնել է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ պատվաստումն ստանալուց հետո կնոջ մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել, իսկ ավելի ուշ նա սրտի նոպա է ունեցել։ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը նշում է նաև, որ կինը պատվաստումից առաջ այլ հիվանդություններ է ունեցել։ Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ այնուհանդերձ, առկա է պատճառահետևանքային կապ՝ պատվաստումն ստանալու և դրան հաջորդած առողջական վիճակի միջև։
Ըստ ճապոնական օրենսդրության, պատվաստման հետևանքով մահ գրանցվելու դեպքում պացիենտի ընտանիքի անդամներին տրամադրվում է փոխհատուցում՝ 44,2 միլիոն իենի չափով, փոխհատուցվում են նաև հուղարկավորության ծախսերը։
Kyodo գործակալության տվյալներով՝ պատվաստումից հետո առողջության վատթարացման համար փոխհատուցում ստանալու հայտ է ներկայացրել 3 680 քաղաքացի, առայժմ բավարարվել է 850 հայտ։