26/07/2022 18:33
«Հոկտեմբերին արդեն 2 տարի կլինի, որ մեր երեխեքից ինֆորմացիա չունենք»․ անհետ կորածների ծնողները կառավարության շենքի մոտ էին, նրանց ոչ ոք չի մոտեցել
44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները այսօր Կառավարության շենքի մոտ են եկել՝ պահանջելու, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուծումներ գտնի ու վերադարձնի իրենց որդիներին։
News.am-ի հետ զրույցում ջոկատի հրամանատար, 28-ամյա Գևորգ Կարապետյանի մայրը՝ Կիմա Ավետիսյանը, պատմել է, որ իրենց Կառավարությունից որևէ մեկը չի մոտեցել և չի հարցրել, թե ինչու են հավաքվել։
«Այդ տղաներին կարծես՝ լրիվ մոռացել են, կարծես՝ այդ դեպքը չի էլ եղել։ Մենք եկել, հասել ենք իրենց քթի տակ, բայց ոչ ոք չիջավ ու չխոսեց։ Մարզերից էինք հավաքվել, եկել։ Հոկտեմբերին արդեն կլինի 2 տարի, որ մեր երեխեքից ինֆորմացիա չունենք։ Լավ, ի՞նչ անենք, էլ չենք կարողանում ապրել։ Մինուճար որդիս անհայտության մեջ է․ այդքան կառույցներ կան ու ոչ մի տեղից ոչինչ չեն ասում, այսպես չի լինի»,- ասել է անհետ կորածի մայրը։
Կիմա Ավետիսյանը պատմել է, որ պետական ոչ մի կառույցից չեն կարողանում հստակ ինֆորմացիա ստանալ։ «Ոչ մի կառույց նորմալ չի աշխատում։ Սա 90-ականները չի, մինչև հիմա մի բան չեն ասում։ Բա չգա՞նք․․․ Չնայած, որ գալիս ենք, ինչ․․․»,- ասել է նա։
Նշենք, որ «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհայտ կորած են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում