26/07/2022 21:38
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են՝ առաջիկա 10 տարում 1 միլիարդ ծառ են տնկելու
ԱՄՆ իշխանություններն առաջիկա 10 տարվա ընթացքում 1 միլիարդ ծառ կտնկեն՝ անտառների ոչնչացման դեմ պայքարի շրջանակներում, հայտարարել է Միացյալ նահանգների գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը՝ համապատասխան հաղորդագրությունը տեղադրելով «Twitter»-ում։
«ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կզբաղվի ազգային պարկերում ծառերի պահպանման խնդրով և առաջիկա տասնամյակում 1 միլիարդից ավելի ծառ կտնկի»,- նշված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ վերջին տարիներին տեղի ունեցած անտառային հրդեհների հետևանքով անտառները չեն կարողանում բնականոն ճանապարհով վերականգնվել․ 1,7 միլիոն ՀԱ անտառային տարածք ոչնչացման վտանգի տակ է։
ԱՄՆ իշխանությունը 2022 թվականին նախատեսում է 100 միլիոն դոլարից ավելի գումար հատկացնել՝ հրդեհներից տուժած անտառների վերականգնման համար։ Առաջիկա տարիներին այդ գումարն, ըստ կանխատեսումների, տարեկան 260 միլիոն դոլարի կհասնի։