28/07/2022 12:12
Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ. եթե համաճարակային իրավիճակը սրվի, բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք. Անահիտ Ավանեսյան
Վերջին շաբաթներին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք մեր ծավալման պլանը հստակ ունենք, պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի, մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է», - ասաց նախարարը:
Նա ասաց, թե ճամփորդությունների սահմանափակումների հարց այս պահին չկա:
«Չեմ ուզում կանխատեսումներ անել, բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից, եթե համաճարակային իրավիճակը սրվի, իհարկե, մենք բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ», - հայտարարեց Անահիտ Ավանեսյանը: