28/07/2022 20:20
Ջուրը՝ մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու լավագույն միջոց
Մաշկի վրա բացասաբար անդրադարձող առաջին գործոնն օրգանիզմում ջրի դեֆիցիտն է, ինչպես նաև օրգանիզմի թերսնուցումը, որը նույնպես կարող է պայմանավորված լինել հեղուկի պակասով: Նման խնդիրներից խուսափելու և մաշկի թարմությունը պահպանելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս օրական 2-2,5 լիտր մաքուր ջուր խմել: Սակայն պետք է մի կարևոր բան ֆիքսել, որ «ջուր» ու «հեղուկ» հասկացությունները չի կարելի շփոթել, քանի որ ոչ բոլոր հեղուկներն են օգտակար, իսկ երբեմն էլ սխալ ընտրված ըմպելիքներն էլ ավելի են արագացնում ծերացման գործընթացը:
Սուրճ
Սուրճը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ջրի փոխարեն, քանի որ ի տարբերություն ջրի, այն ոչ թե խոնավացնում է օրգանիզմը, այլ ջրազրկում այն: Սուրճն օժտված է միզամուղ հատկություններով, ուստի դուրս է բերում հեղուկն օրգանիզմից՝ արագացնելով մաշկի ծերացման գործընթացը: Նման խնդիրներից խուսափելու համար սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող մաքուր ջրի քանակությունը:
Կանաչ թեյ
Այս ըմպելիքը պարունակում է թեոֆիլին, որը նույնպես կարող է բավական հզոր միզամուղ ազդեցություն ունենալ: Սա է պատճառը, որ այն նույնպես չի կարելի դասել օրգանիզմը խոնավացնող ըմպելիքների շարքին:
Սև թեյ
Միզամուղ հատկություններով է օժտված նաև սև թեյը, ուստի մասնագետները խորհուրդ չեն տալիս օրական երեք բաժակից ավելի թեյ խմել:
«Բնական» հյութեր
Պատրաստի «բնական» հյութերը հագեցած են շաքարով, որը չեզոքացնելու համար օրգանիզմին մեծ քանակությամբ մաքուր ջուր է պետք: Այս դեպքում հյութի փոխարեն հիանալի այլընտրանքային տարբերակ կարող են լինել թարմ սմուզիները, որոնք հարուստ են վիտամիններով, ուստի շատ օգտակար են մաշկի երիտասարդության պահպանման համար:
Գազավորված հանքային ջուր
Այս ըմպելիքը հաճախ է օգտագործվում ջրի փոխարեն, սակայն ածխաթթու գազը, որով հագեցվում է նման հանքային ջուրը, հանգեցնում է օրգանիզմում թթվահիմնային բալանսի խանգարման, ինչը նշանակում է, որ այն կարող է դառնալ մաշկի վաղաժամ ծերացման պատճառ:
Ի վերջո, օրգանիզմի համար անհրաժեշտ խոնավության լավագույն աղբյուրը մաքուր ջուրն է, իսկ ջրի պակասի դեպքում օրգանիզմն այն փորձում է ստանալ ցանկացած այլ հեղուկից, ինչը ծանրաբեռնում է արդեն իսկ ծանրաբեռնված երիկամները և կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
Նման դեպքերում ավելի հեշտ է ժամանակին օրգանիզմը խոնավացնելը, քան հետագայում նման բարդությունների բախվելն ու առողջական մի շարք խնդիրների դեմ պայքարելը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։