28/07/2022 19:40
Նստանյարդի բորբոքում. առաջացման պատճառները, կանխարգելումը
Նստանյարդը երկարությամբ, տրամագծով համարվում է մարդու մարմնի ամենամեծ նյարդը, նյարդավորում է ստորին վերջույթները։
Նստանյարդի բորբոքման հիմնական պատճառը միջողային սկավառակի սեղմվածությունն է (ծանրաբեռնվածության կամ վնասման հետևանքով):
Նստանյարդի ախտահարման գործոն են՝ ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունը, նստակյաց կենսակերպը, ավելորդ քաշը (ողնաշարի, մկանների ծանրաբեռնվածությունը մեծանում է)։ Ռիսկային խմբում են նստակյաց աշխատանք, կենսակերպ ունեցող մարդիկ։ Նստակյաց աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում ամեն մեկ ժամն ընմիջել մի քանի րոպե վարժանքներով։ Աշխատանքի բնույթով պայմանավորված մշտապես ծանրություններ բարձրացնող մարդիկ նույնպես խոցելի են։
Նստանյարդի ախտահարման գործոն է համարվում նաև տարիքը, քանի որ տարիքի հետ մեծանում է ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների զարգացման հավանականությունը։
Նստանյարդի բորբոքումը բնութագրվում է միջին կամ սաստիկ սուր, ճառագայթող ցավերով, երբեմն թմրածությամբ, քայլքի խանգարումով։ Ցավ կարող է առաջանալ միայն գոտկային հատվածում, և գոտկային հատվածում, և ստորին վերջույթում (կարող է ինչպես մեկ, այնպես էլ երկու ոտքում էլ ցավ առաջանալ), հնարավոր է նաև որ ցավ լինի միայն ոտնաթաթում։
Հիվանդության հիմնական բարդությունը ներգործությունն է կյանքի որակին, աշխատունակությանը։ Չվերահսկելու դեպքում հնարավոր է ստենոզի առաջացում։
Կանխարգելման համար կարևոր են քաշի կարգավորումը, ֆիզիկակական բավարար ակտիվությունը, կենսակերպում համապատասխան փոփոխություններ անելը, հիմնական հիվանդությունների վերահսկումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։