28/07/2022 12:01
Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվեր խափանման միջոցը. Կարեն Անդրեասյան
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան դեպքին: Ասաց՝ առիթ չի ունեցել ասելու՝ իր խորը ցավն է արտահայտում:
«Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել իր հետ կապված, լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվի խափանման միջոցը», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անդրեասյանը:
Ինչ վերաբերում է մյուս բոլոր կալանավորներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ, նախարարն ասաց, թե ամեն ինչ անում են, որ ոչ մի ազատազրկված անձ բժշկական խնդիրներով չունենա պրոբլեմ:
«Մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում», - վստահեցրեց Անդրեասյանը:
Նա ընդգծեց՝ ցանկացած ողբերգություն պետք է ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ դատարաններին, էլ ավելի ուշադիր նայել, երբ բողոքներ կան ազատազրկված անձանցից:
Նախարարը հույս ունի, որ առանձին մարդիկ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի «կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից»: