28/07/2022 11:45
Առողջապահության նախարարությանը 851 մլն դրամ հատկացվեց. 5 բժշկական կենտրոն են կառուցելու, վերակառուցելու
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց վերաբաշխում կատարել 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում ու բժշկական հաստատությունների կառուցման ու վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 միլիոն դրամ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնի վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև 1 ԲԿ-ի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը:
Կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդություննեի ազգային կենտրոնը, Վաղարշապատի հիվանդանոցը, Աշտարակի հիվանդանոցը, Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկան, ինչպես նաև Տաշիրի ու Կոտայքի «Նաիրի» ԲԿ-ների համար կառուցվելու են նոր շենքեր:
Բացի այդ, կազմվելու է Արթիկի ԲԿ-ի նոր մասնաշենքի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը:
«Բոլոր ԲԿ-ները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով ու գույքով», - ասաց Ավանեսյանը: