29/07/2022 16:04
Ինչպե՞ս է արևայրուքն ազդում լազերային մազահեռացման արդյունքների վրա. մանրամասնում է կոսմետոլոգը
Ամռանն արևայրուքը ամենացանկալի երևույթներից մեկն է, սակայն լազերային մազահեռացման միջոցներից օգտվող մարդիկ պետք է շատ զգույշ և հետևողական լինեն՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կոսմետոլոգ Ալինա Զաքարյանը խոսեց լազերային մազահեռացման և դրանով պայմանավորված արևայրուքի հակացուցումների մասին։
«Երբ հաճախորդը լազերային մազահեռացման արդյունքում ցանկություն ունի ստանալ հարթ, մետաքսանման և մազից զերծ մաշկ, ապա ես անհրաժեշտություն եմ համարում զգուշացնել՝ կարճ ժամանակով դադարեցնել արևայրուքի ռեժիմը:
Դա պայմանավորված է նրանով, որ արևայրուքը փոխում է մաշկի բնական պիգմենտացիան: Արևայրուքի բոլոր մեթոդները՝ ներառյալ բնական և կեղծ, նույն ազդեցությունն ունեն մաշկի վրա։ Եթե լազերային մազահեռացում անցկացվի, հարկավոր կլինի դադարեցնել արևայրուքը պրոցեդուրայից որոշ ժամանակ առաջ և հետո», - ասաց կոսմետոլոգը:
Արևայրուքը մգեցնում է մաշկը և փոխում պիգմենտացիան, ինչը նշանակում է, որ լազերային ճառագայթը կդժվարանա տարբերակել ու որոշել մաշկի և մազածածկույթի տեսակը:
Լազերային մազահեռացումից օգտվողներին խորհուրդ է տրվում մաշկի վրա օգտագործել SPF15 և ավելի բարձր՝ նույնիսկ սովորական արևի լույսի ներքո:
«Լազերային մազահեռացման պրոցեդուրայով լազերը օգտագործում է լույսի էներգիան, որն անցնում է մաշկի միջով, այնուհետև այն մտնում է մազերի ֆոլիկուլների մեջ և դադարեցնում դրանց աճը՝ կանխելով մազերի մշտական աճը:
Եթե մաշկը արևայրուք ունի, ապա լազերը մաշկի միջով անցնելիս կկլանի լույսի էներգիան: Սա նշանակում է, որ մաշկը կարող է հեշտությամբ այրվել՝ առաջացնելով կողմնակի տհաճ բարդություններ:
Հիմնականում խորհուրդ է տրվում պրոցեդուրայից հետո երկու շաբաթ անց միայն ընդունել արևայրուք՝ օգտագործելով համապատասխան լոսյոններ և քսուկներ», - հավելեց Ալինա Զաքարյանը:
Պետք է հիշել, որ յուրաքանչյուրն ունի մաշկային առանձնահատկություններ, այդ իսկ պատճառով ցանկալի է անհատական խորհրդատվությամբ որոշել մաշկի և մազի տեսակը՝ լազերային մազահեռացման արդյունավետությունը որոշելու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։