29/07/2022 13:11
Կուտակված գումարները նվազել են, և եթե հիմա թոշակի անցնելու տարիքին լինեինք, քիչ գումար կունենայինք «բարեկեցիկ ծերության» համար. Տնտեսագետ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում մարդկանց կարծիքն առանց հարցնելու, օրենքի ուժով կառավարությունը կուտակային միջոցները փոխանցում է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, որոնք ՀՀ օրենսդրության և կենտրոնական բանկի որոշումների համաձայն՝ գումարները ներդնում են Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ակտիվներում(արժեթղթերում)։
Հայաստանում գործող մասնավոր ֆոնդերի կառավարիչները երկուսն են. նրանք շարքային քաղաքացիների գումարներով ձեռք են բերում տարբեր արժեթղթեր, որոնք կարող են արժեզրկվել` պայմանավորված տնտեսական ճգնաժամերով, արտարժույթների փոխարժեքների տատանումներով, ընկերությունների սնանկացմամբ և այլն։
Օրինակ՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարներն արժեզրկվել են արտասահմանյան բաժնետոմսերի գների, արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների անկման, ինչպես նաև ԱՄՆ դոլար և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի կտրուկ արժևորման արդյունքում։
Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է: Մասնավորապես՝ կուտակված գումարների վերադարձելիության 20 տոկոսը երաշխավորում է Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80 տոկոսով` Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն, եթե դուք այս պահին ունեք կուտակած 1 մլն դրամ, որի կեսը դուք եք վճարել, իսկ մյուս կեսը՝ պետությունը, ապա պետությունը երաշխավորում է միայն 500 հազար դրամը` ճշգրտված գնաճով։ Ֆոնդի կառավարչի սխալ ներդրումների ռիսկը դուք եք կրում, թեև ո՛չ ընտրել եք նրան, ո՛չ էլ վստահում եք։
Արդյունքում ստացվում է, որ մասնակցի կողմից կուտակված գումարների (ճշգրտված գնաճով) երաշխիքը նույնպես կատարվելու է պետական բյուջեի հաշվին, ինչը պոտենցիալ բեռ է բյուջեի համար։ Իսկ հաշվի առնելով, որ տարիների ընթացքում աճելով` գումարը մեծանալու է, ապա պետական բյուջեն պարզապես ի վիճակի չի լինելու երաշխավորել քաղաքացիների խնայողությունները։ Այն դեպքում, երբ 2015 թվականի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ պետությունը պարտավոր է երաշխիքներ տրամադրել նաև պետության կողմից տրամադրված խնայողությունների համար ճշգրտված գնաճով:
Հիշեցնեմ, որ 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ կուտակային ֆոնդերի 503 մլրդ դրամ ակտիվների 98 տոկոսը պահպանողական ֆոնդերում է։ Պահպանողական ֆոնդերի եկամտաբերությունը՝ տարեսզկբից հաշվարկած, կազմել է -5.53 տոկոս։ Այսինքն՝ կուտակված գումարները նվազել են, և եթե հիմա թոշակի անցնելու տարիքին լինեինք, քիչ գումար կունենայինք «բարեկեցիկ ծերության» համար: