29/07/2022 11:51
Արցախի հացահատիկի դաշտերում հրդեհի հետևանքով լուրջ վնասներ չկան
Հրդեհավտանգ շրջանը մոտենում է ավարտին, հիմնական հացահատիկի դաշտերում հունձի աշխատանքները կատարվել են, բարեբախտաբար, այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով արձանագրված լուրջ վնասներ չկան, բոլոր ահազանգերը հրշեջ-փրկարարների գրագետ գործողությունների շնորհիվ կանխվել են։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Ուժեղացված ծառայությանը զուգահեռ՝ հրշեջ-փրկարարները մարզվում են և կոփում մասնագիտական ու ֆիզիկական ունակությունները, փորձում առավել լավ արդյունքներ ապահովել և պատրաստ լինել օգնելու, փրկելու և ծառայելու մեր բնակիչներին», - նշված է հաղորդագրությունում։
Շրջանի հրշեջ-փրկարար մասի պետ Դավիթ Ջավադյանը դրական է գնահատում հրշեջ-հենակետերում իրականացվող շուրջօրյա ուժեղացված ծառայության ընթացքը, որի արդյունքում կարողացել են առաջադրվող խնդիրները իրականացնել բարձր մակարդակով և ապահովել անկորուստ բերքահավաք։
Հրդեհների հիմնական մասն էլ արձանագրվել է չոր խոտատարածքներում, որոնք գրագետ ու օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել են և չեն տարածվել բերքատու այգիներում ու ցանքատարածություններում։
«Հրդեհավտանգ ժամանակաշրջանը դեռևս շարունակվում է, այս ընթացքում Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում հրդեհի վերաբերյալ ստացվել է 17 հաղորդում, որոնցից մեկը շինությունում, մնացած դեպքերը՝ չոր խոտատարածքներում:
Չնայած հրշեջ-փրկարարների մշտապես զգոն են, ինչպես հրդեհավտանգ շրջանում, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում կարևոր է բնակչության կողմից հակահրդեհային նորմերի ու կանոնների պահպանումը և զգոնությունը, մեր իսկ պատասխանատվությամբ բացառենք հրդեհների առաջացումը և խուսափենք հետագա բարդություններից», - հայտնում են ծառայությունից: