30/07/2022 18:20
Օրգանիզմում երկաթի պակասի պատճառները, ախտանշանները, երկաթ պարունակող մթերքները
Օրգանիզմում երկաթի դեֆիցիտը կարող է պատճառ դառնալ հեմոգլոբինի անկման, արյան մեջ էրիթրոցիտների քանակի նվազման։
Ախտանշանները՝
Ընդհանուր թուլություն, մարդն ի վիճակի չէ ֆիզիկական ծանրաբեռնվածության, կենտրոնացման խնդիր կա, մաշկը գունատ է, հնարավոր են գլխացավեր, գլխապտույտ, շնչահեղձության զգացում, ականջներում աղմուկի զգացում, համի, հոտի ընկալիչների խախտումներ, վատթարանում է եղունգների, մազերի որակը՝ արտահայտվելով եղունգների կոտրվելով, մազաթափությամբ, նաև մաշկի չորությամբ։
Հնարավոր են նաև ստամոքսա-աղիքային համակարգի փոփոխություններ, քրոնիկ գաստրիտի առաջացում, վատթարանում է աղիների՝ սննդից օգտակար տարրերի ներծծման գործընթացը։
Երկաթի դեֆիցիտի հնարավոր պատճառները՝
• Օրգանիզմի՝ երկաթի յուրացման խաթարում
• Սուր և քրոնիկ արյունահոսությունը
• Էրիթրոցիտների ստեղծման խանգարում՝ երկաթի, վիտամին B9 -ի և B12 -ի անբավարարության հետևանքով
• Էրիթրոցիտների ուժեղացած քայքայում (հեմոլիզ), որ կարող է լինել ժառանգական և ձեռքբերովի
• Ձեռքբերովի երկաթ-պակասորդային սակավարյունության (Երեխայի վաղաժամ ծնունդի հետևանքով երկաթի պաշարի խնդիրներ են ի հայտ գալիս, ինչն էլ հանգեցնում է երկաթ-պակասորդային արյունահոսության)
• ժառանգական հեմոլիտիկ սակավարյունությունը ևս չի բացառվում
Երկաթի դեֆիցիտի պատճառ կարող են լինել ոչ միայն ֆիզիլոգիական, պաթոլոգիական խնդիրները, այլ նաև սննդային սահմանափակումները։
Օրգանիզմում երկաթի պակասը լրացվում է երկաթ պարունակող պրեպարատների, վիտամինների նշանակմամբ (անհատական մոտեցմամբ), հատուկ սննդակարգով։
Երկաթ պարունակող մթերքներ՝
• Կենդանական ծագման մթերքները առաջատար են. լյարդ, փայծաղ, կարմիր միս։
• Ձկնեղեն, ծովամթերք, որ նաև յոդի և վիտամինների աղբյուր են
• Բուսական ծագման մթերքներ. ձավարեղեն, լոբազգիներ, նաև սպանախ, չրեր, ծաղկակաղամբ, ճակնդեղ։
• Ձու. բացի երկաթի աղբյուր լինելուց, ձուն պարունակում է նաև մեծաքանակ մագնեզիում, վիտամիններ։
• Դառը շոկոլադ (չի կարելի չարաշահել)
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։